Իրանում իշխանափոխությունը հնարավոր է, եթե բանակը փոխի իր դիրքորոշումն ու չեզոքություն հայտարարի. քաղաքագետ

12 Հունվարի 2026, 20:30

Քաղաքականություն

Իրանի դեմ «Մադուրո-2» գործողություն իրականացնելը քիչ հավանական է, եթե հաշվի առնենք իսլամական պետության չափերն ու ներուժը: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Իրանը մեծ երկիր է, և այստեղ այնպիսի գործողություն իրականացնելն, ինչպիսին եղավ Վենեսուելայի դեպքում, այդքան հեշտ չէ»,- նշել է նա՝ չբացառելով, որ հնարավոր են սահմանափակ ռազմական քայլեր կամ ոչ ռազմական ճնշման մեխանիզմներ՝ քաղաքական ուղերձների և միջազգային ազդեցության միջոցով։

Մարգարյանը չի բացառել, որ ԱՄՆը կարող է փորձել լեգիտիմացնել Ռեզա Փահլավիին՝ նրան ներկայացնելով որպես ընդդիմադիր առաջնորդ։

«Օրինակ՝ Փահլավիին հրավիրել Սպիտակ տուն, նրա հետ հանդիպել ու նրան լեգիտիմացնել որպես ընդդիմադիր գործիչ, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար նաև միջազգային հարթակում»,- ընդգծել է քաղաքագետը։

Միաժամանակ նա հավելել է, որ անհրաժեշտ է սպասել նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր քայլերին. «Այնպես չէ, որ խնդիրը փակված է համարվում, ինչ-որ քայլ անպայման լինելու է, պարզապես դժվար է հիմա կանխատեսել, թե ինչպիսին»։

Անդրադառնալով Ռեզա Փահլավիի՝ Իսլամական Հանրապետության տապալման կոչերին՝ Մարգարյանը շեշտել է, որ նրան չի տեսնում որպես Իրանի ապագա ղեկավար։

«Ես անձամբ Ռեզա Փահլավիին չեմ տեսնում որպես այնպիսի անհատականություն, որը կարող է նման երկիր ղեկավարել»,- նշել է նա՝ հավելելով, որ Փահլավիի գործոնը հիմնականում օգտագործվում է հասարակությանը փողոց դուրս բերելու և իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։

Քաղաքագետը հիշեցրել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության փորձը՝ընդգծելով բանակի դերակատարումը։

«Հեղափոխությունը հաղթանակեց այն պահին, երբ բանակը չեզոքություն հայտարարեց և չկատարեց իշխանությունների հրամանները»,- ընդգծել է Մարգարյանը՝ հավելելով, որ «եթե այսօր Իրանում բանակը հրաժարվի հրամաններ կատարել ու կանգնի ժողովրդի կողքին, կարելի է ասել, որ շարժումը կհասնի իր նպատակին»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը ցավով անդրադարձել է խաղաղ բնակչության կորուստներին։

«Ցավոք, ժողովուրդը տուժում է․ հայկական համայնքում արդեն ունենք մեկ զոհ և չորս ծանր վիրավոր»,- հայտնել է Մարգարյանն՝ ընդգծելով, որ սա այս պահին հաստատված թիվն է։