Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները չիրականացան. Անդրեյ Կորտունով
17 Մարտի 2026, 21:30
Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը «Կոնֆլիկտները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. էսկալացիայի գործոնները և տրանսֆորմացիայի հետագծերը» խորագրով համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ընթացքը։
Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները՝ Իրանում վարչակարգի փոփոխության վերաբերյալ, անկատար են մնացել:
«Ակնհայտ է, որ այն նպատակները, որոնք իրենց առջև դրել էին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այսինքն՝ քաղաքական վարչակարգի փոփոխություն, անկատար մնացին: Հակամարտությունը չհանգեցրեց Իսլամական Հանրապետության ղեկավարության լեգիտիմության խարխլմանը, չմոբիլիզացրեց քաղաքական ընդդիմությանը և չառաջացրեց էթնիկ փոքրամասնությունների ակտիվացում, որոնք, ինչպես ենթադրվում էր, պետք է մարտահրավեր նետեին Թեհրանին։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, հակամարտությունն աստիճանաբար կմարի»,- ասել է Կորտունովը։
Սակայն, ըստ քաղաքագետի, հարվածների ինտենսիվությունը կնվազի, սակայն խաղաղություն դեռ չի հաստատվի։
«Ելնելով նրանից, որ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, պատրաստ չէ Իրանի տարածքում լայնամասշտաբ ցամաքային գործողության, երկար ժամանակ ավիահարվածների բարձր ինտենսիվություն պահպանելը դժվար կլինի թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական պատճառներով։ Ուստի տեղի կունենա չվերահսկվող դեէսկալացիա. հարվածները կդառնան ավելի ընտրողական, իսկ դրանց ընդհանուր ինտենսիվությունը կնվազի։ Ընդ որում, սա չի նշանակում, որ կողմերը կշարժվեն դեպի խաղաղություն»,- նշել է Կորտունովը:
Քաղաքագետի համոզմամբ՝ հակամարտությունը կարող է դառնալ քրոնիկ։
«Միանգամայն հնարավոր է, որ քրոնիկ հակամարտության նման վիճակը պահպանվի երկար ժամանակ։ Իրանը երկարաժամկետ լայնամասշտաբ պատերազմներ վարելու փորձ ունի։ Վառ օրինակը իրանա-իրաքյան պատերազմն է, որը տևեց ութ տարի և հանգեցրեց մեծ կորուստների, բայց չկործանեց Իսլամական Հանրապետությունը։ Իրանի ղեկավարության կայունության աստիճանը չի կարելի թերագնահատել»,- եզրափակել է Կորտունովը։