Իրանում շատերը կարծում են, որ սա ահաբեկչություն է. Աբբաս Ջուման՝ Իրանի նախագահի մահվան մասին

20 Մայիսի 2024, 21:30

Քաղաքականություն

Միջազգային լրագրող Աբբաս Ջուման, որ գտնվում է Թեհրանում, Alpha News-ին մեկնաբանել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահը։

«Իրանում սուգ է, հուղարկավորություններ են լինելու, մարդիկ լացում են, սա ողբերգություն է առանց չափազանցության՝ ազգային մասշտաբով, թեև, համոզված եմ, սա սկզբունքորեն չի ազդի երկրի քաղաքականության վրա։ Դա չի հանգեցնի համակարգի փլուզմանը: Ես շատ անգամ եմ բերել այդ օրինակը, ևս մեկ անգամ կբերեմ ՝ հիշեք գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը։ Նրա նահատակությունը չի հանգեցրել երկրի զինված ուժերի դեգրադացիայի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեգրադացիայի։ Նրան փոխարինեցին ոչ պակաս արդյունավետ և տաղանդավոր գեներալով, թեև լրատվամիջոցների կողմից ավելի քիչ գովազդված: Ահա թե ինչպես է համակարգը կառուցված Իրանում»,- ասել է Ջուման։

Լրագրողի խոսքով՝ Իրանում մեծամասնությունը հակված է այն վարկածին, որ մեղավոր է Իսրայելը, որը, հնարավոր է, գործել է Ադրբեջանի միջոցով։

«Ինչ վերաբերում է հասարակության մեջ քննարկվող վարկածներին, նրանք, ում հետ Ես կարողացել եմ խոսել, հիմնականում հակված են մահափորձի վարկածներին։ Մեծամասնությունը կարծում է՝ Իսրայելն է մեղավոր, որ հնարավոր է գործել է Բաքվի միջոցով ՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը:

Իհարկե, այս ամենը ենթադրություններ են, ես պարզապես խոսում եմ հասարակական կարծիքի մասին: Բայց կան նաև մարդիկ, որոնք կարծում են՝ պետք չէ շտապել եզրակացություններ անել, որ միգուցե պարզապես եղանակը, մառախուղն է պատճառը, պարզապես դժբախտ պատահար է, կան նաև նման կարծիքներ, բայց կրկնում եմ՝ ես ավելի քիչ եմ հանդիպում նման կարծիքների, քան նրան, որ սա ահաբեկչություն է»,- եզրափակել է Ջուման։