Իրանում տիրող իրավիճակը կտարածվի Հարավային Կովկասի վրա. Ալեքսեյ Մուխին

11 Մարտի 2026, 21:45

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր պատերազմի տարածումը Հարավային Կովկասի երկրների վրա։

«ԱՄՆ-ն առաջ է տանում մի գիծ, Իսրայելը՝ մեկ այլ, Չինաստանն ու Իրանն՝ իրենցը, Ռուսաստանը՝ իր սեփականը։ Սրանք ես թվարկեցի միայն այս հակամարտության հիմնական՝ ուղղակի և անուղղակի մասնակիցներին։ Կա նաև սուննիական աղեղը, Եվրամիության գործոնը և այլն։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն այս կամ այն գործոնները. արդյոք Պարսից ծոցի երկրները կմտնեն ուղղակի ռազմական հակամարտության մեջ Իրանի հետ, թե՞ ոչ, ԱՄՆ-ն, ի վերջո, մի կողմ կքաշվի՞ այս հակամարտությունից, թե՞ կշարունակի ամենակերպ օգնություն ցուցաբերել Իսրայելին, որը նույնիսկ նման է ռազմական արկածախնդրության։ Այս փուլում որևէ հստակ գնահատական տալ հնարավոր չէ։ Չափազանց շատ են անորոշությունները»,- նշել է փորձագետը։

Մուխինը հավելել է՝ հակված է այն մտքին, որ հակամարտության տարածումն անխուսափելի է, և այն կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա:

«Այս փուլում Իսրայելն ու Բրիտանիան ծայրաստիճան շահագրգռված են, որ հակամարտությունը մասշտաբավորվի, այդ թվում՝ դեպի Հարավային Կովկաս։ Սոցցանցերում, մեդիայում կան բավականին լուրջ նշաններ, որ իրավիճակը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ազգային, անպայմանորեն կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, հատկապես Ադրբեջանի վրա: Ուստի, ցավոք, նախադրյալները չափազանց վատն են որևէ լավատեսական կանխատեսում անելու համար: Այո, ամենայն հավանականությամբ, իրավիճակն այս կամ այն չափով կտարածվի Հարավային Կովկասի երկրների վրա։ Բայց ուշադրության կենտրոնում այստեղ, անկասկած, Ադրբեջանն է, որին այժմ փորձում են այս կամ այն ձևով ներքաշել այդ հակամարտության մեջ»,- եզրափակել է փորձագետը։