Իրանը չի հավատում «Թրամփի ուղու» շուրջ հավաստիացումներին․ Վիգեն Հակոբյան

16 Դեկտեմբերի 2025, 20:30

Քաղաքականություն

Իրանը վաղուց իր դիրքորոշումը հայտնել է «Թրամփի ուղու» հետ կապված։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը, ապա, ըստ քաղտեխնոլոգի, միշտ ռեֆորմատոր կոչվող թևը, որի ներկայացուցիչները նախագահն ու արտգործնախարարներն են, հակասող հայտարարություններ են արել։

«Մեկը բավականին կոշտ, մյուսն ավելի մեղմ՝ ասելով, որ մեզ համոզում են, լուրջ փաստարկներ են բերում, թե «Թրամփի ուղի»-ն Իրանի դեմ չէ։ Բայց, բնականաբար, դա չէր նշանակում, որ իրենք համոզվել են դրանում։ Այլ բան է՝ ինչ են ասում Հայաստանի ղեկավարության մունետիկները կամ ներկայացուցիչները, որոնք անընդհատ փորձում են Իրանին համոզել, որ որևէ պրոբլեմ չկա, որևէ անհանգստանալու բան չկա։ Այլ բան է՝ Իրանի ղեկավարությունը հավատում է դրան, թե ոչ»,- նշել է Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը, որ Իրանի ամենաազդեցիկ թևն իր դիրքորոշումը հայտնի։

«Ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Իրանը, հատկապես այն թևը, որն ամենաազդեցիկն է Իրանում, որովհետև այնտեղ, այնուամենայնիվ, հոգևոր առաջնորդն է ամեն ինչ որոշում, այլ ոչ թե նախագահը կամ, առավել ևս, արտգործնախարարը, իր հստակ դիրքորոշումն արտահայտի։ Ընդ որում, եթե նկատեցիք, այս հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ Հայաստանի հերթական պաշտոնյան էր Իրանում և փորձում էր, ըստ էության, ինչ-որ բան համոզել, հասկացնել, մտահոգությունները փարատել, բայց հենց այդ ֆոնի վրա ամենակոշտ հայտարարություններից մեկը տրվեց Իրանից, թերևս ամենակոշտը և ամենազգայունը»,- եզրափակել է Հակոբյանը։