Իրանը Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ. ԱԳՆ

11 Դեկտեմբերի 2023, 16:05

Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու` Թեհրանի դիվանագիտական ջանքերին, հայտարարել է, որ Իրանը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը տարբեր հարցերում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ։

«Իրանը համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ երկու երկրների միջև փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ»,-  IRNA-ի փոխանցմամբ՝ ասել է Քանանին և հավելել, — «Իրանը հուսով է, որ բանակցային գործընթացը արդյունավետ կլինի և պատրաստ է օգնել երկու հարևան երկրին հասնել կայուն խաղաղության»:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: