Իրանը հասկանում է, որ Փաշինյանին վստահել պետք չէ․ Ալեքսանդր Սեմչենկո
06 Մարտի 2025, 22:30
Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի մասնակցի Թեհրանի դեմ Արևմուտքի հնարավոր գործողություններին, Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, Թուրքիայի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ և Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամը:
Փորձագետի կարծիքով՝ Իրանը կարողանում է սովորել ուրիշների սխալներից, ուստի շատ լավ հասկանում է, թե ինչ արժեն Փաշինյանի խոսքերը։
«Ես կարծում եմ, որ Իրանը մի կողմից ինքն է հասկանում, որ Փաշինյանին վստահել պետք չէ, իսկ մյուս կողմից Հայաստանն այնքան էական սուբյեկտ չէ, որ լրջորեն ազդի իրավիճակի վրա։ Իրանը բավականին խիտ թշնամական միջավայրում է գտնվում իր սահմանի գրեթե ողջ պարագծով։ Այսինքն՝ նույն Ադրբեջանը, որը սահմանակից է Իրանին, լոյալություն չի ցուցաբերում։ Եվ ահա Իսրայելի կողմից Իրանի դեմ այն հարձակումները, որոնք որոշ տվյալներով համակարգվել են նաև Ադրբեջանի տարածքից, դրա ապացույցն են։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ընդհանրապես բազմադարյա պատերազմ է Թուրքիայի և Իրանի միջև, ուղիղ սահման նրանք չունեն, բայց առկա է Ադրբեջանի աջակցությունը։ Նաև լարվածություն կա Պակիստանի հետ հարաբերություններում, լարվածություն կա Աֆղանստանի հետ հարաբերություններում, այնպես որ Հայաստանն այստեղ Իրանի ամենամեծ խնդիրը չէ։ Բայց ամեն դեպքում Իրանը հասկանում է, թե ինչ արժեն Փաշինյանի խոսքերը։ Նա դա բազմիցս ցույց է տվել և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Ռուսաստանին։ Իսկ իրանցիները շատ լավ կարողանում են սովորել ուրիշների սխալներից», — ասել է Սեմչենկոն։
Խոսելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքների մասին՝ փորձագետը նշել է, որ ամերիկացիները կառաջնորդվեն միայն իրենց շահերից ելնելով:
«Ամերիկացիները չափազանց պրագմատիկ են և ելնում են բացառապես սեփական շահերից։ Ամերիկացիները տարածաշրջանում ուժեղ դաշնակից ունեն՝ դա Թուրքիան է, իսկ Թուրքիան Հայաստանի հետ, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի։ Եվ եթե Թուրքիան կոշտ, անհաշտ դիրքորոշում որդեգրի, ապա ամերիկացիները կհանձնեն հայերին։ Պետությունները գործելու են իրենց շահերից ելնելով։ Գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։ Եթե Թուրքիային շատ անհրաժեշտ լինի, ապա Նահանգները Հայաստանը կհանձնի թուրքերին», — նշել է Սեմչենկոն։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան ցանկանում է՝ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքվի, ապա, փորձագետի կարծիքով, Էրդողանը ցանկանում է ամրապնդել հաղթանակը, որպեսզի առաջ շարժվի իր ծրագրերի իրականացման գործում:
«Խաղաղության համաձայնագիրը Էրդողանի մտահղացումն է։ Որքան էլ Ալիևը ցանկանար, մեկ է՝ առանց Թուրքիայի օգնության Ղարաբաղի օկուպացիան հնարավոր չէր լինի։ Թուրքիան ունի իր տեսակետները, թե ինչպիսին պետք է լինի և զարգանա Թուրքիան: Էրդողանը բազմիցս ակնարկներ է արել Օսմանյան կայսրության վերածննդի, Մեծ Թուրանի ստեղծման մասին։ Նա մեծ հավակնություններ ունի և Ղարաբաղի հետ կապված իրավիճակի ավարտը թույլ կտա նրան ամրապնդել հաղթանակը և առաջ շարժվել իր ծրագրերի իրականացման գործում», — ասել է Սեմչենկոն։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Ադրբեջանին , փորձագետի խոսքով՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունը կաճի։
«Ես կարծում եմ, որ լարվածությունը կաճի, Ալիևը (Ադրբեջանի նախագահը) խաղադրույք է կատարել Թուրքիայի վրա։ Դա այնքան էլ խելացի խաղադրույք չէ: Թուրքերն ունեն իրենց նպատակներն ու խնդիրները։ Ադրբեջանը բարդ իրավիճակում է, որովհետև մի կողմից կա Թուրքիա, մյուս կողմից կա Իրան։ Իրանի նկատմամբ Ադրբեջանը որոշակի տարածքային պահանջներ ունի, և Իրանը ևս հիշելու բան ունի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ: Եվ միակը, ով կարող է երաշխավորել ադրբեջանական ժողովրդի ինքնությունը, Ռուսաստանն է։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն Ադրբեջանի համար կարևոր են, դրանք իրենց կարևորությունը կորցրել են կոնկրետ Ալիևի, ադրբեջանական էլիտաների համար», — եզրափակել է Սեմչենկոն։
Փորձագետը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները, ինչպես նաև Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը: