Արցախում զորավարժությունը պայմանավորված է նաև պատերազմից հետո Իրանի մտավախություններով. Վարդանյան
20 Մայիսի 2025, 16:10
Արցախում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի բանակի համատեղ զորավարժությունները: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ:
«Սա Իրանի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժությունը չէ, և նախորդ տարի էլ նույն խորագրով զորավարժություններ անցկացվել են: Բայց նախորդ տարի դրանք անցկացվել են Իրանի տարածքում: Այս զորավարժությունների հայտարարված նպատակը սահմանային անվտանգության բարձրացումն է, ուստի այս համատեքստում տրամաբանական է, որ դրանք անցկացվում են սահմանի երկու կողմերում: Իսկ Արցախը, ինչպես գիտենք, Իրանի հետ ուներ բավականին երկար սահման, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, և այս առումով տրամաբանական է, որ զորավարժությունները կարող են ընդգրկել նաև այս տարածքները: Բայց պետք չէ մոռանալ նաև պատերազմից հետո Իրանի մտավախությունների մասին, մասնավորապես ահաբեկիչների, Արցախի տարածքում Իսրայելի ներկայության հետ կապված: Եվ այս համատեքստում Իրանի համար կարևոր է ապահովել իր ներկայությունը, ինչը հնարավորություն կտա նաև հետևել իրադրությանը»,- նշել է իրանագետը:
Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում իրանական կողմի դիրքորոշման մասին՝ Վարդանյանը ընդգծել է.
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ այս հարցում իր դիրքորոշումը չի փոփոխվել, և մինչև վերջերս էլ տարբեր առիթներով, պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում շեշտել են այն: Անգամ ՀՀ-ում Իրանի դեսպանն է բազմիցս վերահաստատել, որ իրանական տեսակետն այս հարցում չի փոխվելու, քանի որ այն ուղիղ առնչվում է Իրանի շահերին»: