Իրանը կգտնի միջոց, որ «Թրամփի երթուղին» իրականություն չդառնա. Ռոբերտ Մարգարյան
14 Օգոստոսի 2025, 11:50
Իրանում մեծ դերակատարություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, նրանց դիրքորոշումները բավական ազդեցիկ են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
«Մեր պատկերացմամբ, եթե նախագահը, արտաքին գործերի նախարարը հայտարարություն են անում, դա դառնում է երկրի պետական դիրքորոշում, մինչդեռ, Իրանի դեպքում մի քիչ տարբեր է որոշում կայացնելու համակարգը: Արտաքին հարաբերությունների կամ դիվանագիտության հետ կապված կարևոր հարցերը, ռազմավարական հարցերը որոշվում են շատ ավելի բարձր մակարդակում, քան, ասենք, նախագահն է կամ արտաքին գործերի նախարարությունը, կամ կառավարությունը։ Այդ որոշումները կայացվում են Իրանի հոգևոր առաջնորդի վերահսկողությամբ, և այդտեղ շատ մեծ դերակատարություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Նրանց դիրքորոշումները բավական ազդեցիկ են։
Վաշինգտոնում կնքված հռչակագրի ստորագրումից հետո հնչեց Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի կոշտ հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի մենք թույլ չենք տալու, որ Թրամփի միջոցով այդ ճանապարհը կառուցվի, հետո հնչեցին Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հայտարարությունները: Եվ ես անձամբ չէի ակնկալում, որ նախագահի կողմից կոշտ հայտարարություն կլինի, վերջին հաշվով, նրանք շատ ավելի հանգիստ են իրենց արտահայտություններում»,- նշել է Մարգարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի կորուստը լուրջ անվտանգային խնդիր է ստեղծել Իրանի համար:
«Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ բավական մեծ սխալ է թույլ տվել՝ սպասելով Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, դիմումին: Նրանք հույս ունեին, որ Փաշինյանը կդիմի իրենց, և իրենք կմիջամտեն, ինչ որ օգնություն կհասցնեն, բայց այդպես էլ Փաշինյանը նրանցից օգնություն չի խնդրել, իսկ իրենք չեն կարողացել ոչինչ անել: Արցախի կորուստը լուրջ անվտանգային խնդիր է ստեղծել Իրանի համար, և եթե հիմա հետևենք Իրանի վերլուծական դաշտին, կտեսնենք, որ բոլորի կողմից հնչում է տեսակետ՝ Իրանը չպետք է 2-րդ անգամ թույլ տա նույն սխալը: Բայց դա չի լինի ռազմական միջամտության միջոցով:
Հայաստանում շատերի մոտ տպավորություն կա, որ Իրանը կմտնի, կհարձակվի, մի բան կանի, ոչ այդպես չի լինելու։ Բայց, ծանոթ լինելով իրանական դիվանագիտությանը, վստահ եմ՝ իրենք ամեն դեպքում կգտնեն միջոց, որ «Թրամփի երթուղին» իրականություն չդառնա»,- եզրափակել է Մարգարյանը: