Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփն այն վարձակալի․ Վելայաթի

09 Օգոստոսի 2025, 18:05

Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին քննադատել է «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը, որն, ըստ նրա, առաջ է մղվում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից՝ Իրանի և Ռուսաստանի վրա աշխարհաքաղաքական ճնշում գործադրելու նպատակով:

«Արդյոք Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել այն։ Կովկասն աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ անցումը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը», — հայտարարել Է Վելայաթին։

Նա նաև միջանցքի վարձակալության գաղափարն անվանել է «միամիտ անհեթեթություն» և այն համեմատել Պանամայի ջրանցքը վարձակալելու փորձի հետ։ «Թրամփը, կարծես, իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը կարող է վարձակալել հողեր և ամբողջ տարածաշրջաններ»,- նշել է Վելայաթին:

Նրա կարծիքով՝ միջանցքի նախագիծն ուղղված է Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխմանը։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը վճռականորեն ընդդիմանում է այդ ծրագրին՝ չնայած կառավարության անկայուն դիրքորոշմանը: Վելայաթին նաև հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ համերաշխություն է հայտնել իրանական դիրքորոշմանը և դեմ է արտահայտվել միջանցքի ստեղծմանը:

«Այդ դավադրության իրականացումը կվտանգի ողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։ Իրանը գործելու է տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա», — հայտարարել Է խորհրդականը՝ հավելելով, որ Թեհրանը նախագիծը դիտարկում է որպես Իրանին և Ռուսաստանին շրջապատելու և մեկուսացնելու փորձ։