Իրաքի հայ համայնքն իշխանություններին կոչ է անում իրենց տեղ հատկացնել երկրի խորհրդարանում
25 Սեպտեմբերի 2023, 10:20
Հայերն իրենց զրկված են համարում իրավունքների իրականացման հարցում եւ կոչ են անում Իրաքի իշխանություններին հայերին, ինչպես եւ այլ փոքրամասնությունների, տեղ հատկացնել խորհրդարանում։
«Հայերը վաղեմի եւ պատմական ներկայություն ունեն [Իրաքում]։ Այն ժամանակվանից, ինչ մենք ապրում ենք այս երկրում, մենք Իրաքը համարում ենք մեր հայրենիքը։ Բանակցություններ են վարվում, որպեսզի հայերը դառնան քրիստոնյաների մի մասը խորհրդարանի քվեների համակարգում»,- «Ռուդավ»-ին ասել է Բաղդադում Հայկական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հակոբ Սուղահաքայանը։
Մինչեւ 2004թ. Բասրայում ապրում էր մոտ 350 հայկական ընտանիք։ Նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով մոտ 150-ի։ Մոսուլում նախկինում ապրող 120 ընտանիքներից ներկայում մնացել է միայն երեք ընտանիք, իսկ հայերի թիվը Բաղդադում խիստ կրճատվել է՝ 6 000-ից հասնելով 500-ի։ Պատճառը անընդհատ պատերազմներն են, անկայունությունը եւ բռնությունը էթնիկ փոքրամասնությունների խմբի նկատմամբ։
«Մենք միշտ աղթում ենք կայունության, խաղաղության եւ անվտանգության համար առաջին հերթին իրաքցիների եւ հետո՝ ողջ աշխարհի համար։ Մենք չենք ցանկանում, որպեսզի պատերազմներ բռնկվեն, որովհետեւ հետեւանքները ցանկացած երկրի համար ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ավերածություն»,- նշել է բաղդադցի հայ քահանա Գեւորգ Քաշակյանը։
Ի տարբերություն Իրաքի այլ հատվածների՝ Քուրդիստանն անվտանգ ապաստան է դարձել հայերի եւ այլ փոքրամասնությունների համար, որոնք խուսափել են տեղահանումից եւ բռնությունից երկրի այլ մասերում։ Քուրդիստանում ապաստան գտած հայերի թիվը 2014-ից, երբ «Իսլամական պետությունը» (ԻՊ) գլուխ բարձրացրեց Իրաքում, ավելացել է՝ 1 500-ից հասնելով 3 000-ի։
Քուրդիստանի սահմանադրությունը հայերին ճանաչում է որպես էթնիկ փոքրամասնություն, նրան տրամադրում է մայրենի լեզվով կրթության իրավունք եւ մեկ տեղ խորհրդարանում։
Քուրդիստանում վեց հայկական եկեղեցի կա, չորսը՝ Դուհոկ նահանգում եւ մեկական՝ Էրբիլում եւ Քիրկուկում։
Հայկական եկեղեցիներում կան հուշահամալիրներ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։