Իրավիճակը գնում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ. Անատոլի Մատվիյչուկը՝ Թրամփի հայտարարությունների մասին

24 Սեպտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման վերաբերյալ և ենթադրել, թե ինչի կարող է դա հանգեցնել։

«Ես գնահատում եմ այն իրավիճակը, որը երեկ ստեղծել Է Թրամփը երկու հարթությունում. առաջին՝ Թրամփն անուղղակիորեն ասաց, որ ես հրաժարվում եմ Ուկրաինայից, Ուկրաինայով այժմ զբաղվում են ՆԱՏՕ-ն և Եվրոպան, իսկ ես միայն կդիտեմ։ Ցանկանո՞ւմ եք զենք գնել։ Գնե՛ք իմ մոտից, ինչ ուզում եք, արեք։ Երկրորդ՝ դրանով Թրամփը հասկացրեց, որ նա ամբողջությամբ «ձեռքերը լվանում է» ուկրաինական հարցից՝ հաշվի առնելով իր համար դրա ոչ հեռանկարային լինելը»,- կարծում է փորձագետը:

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Թրամփն Ուկրաինայի հետ կապված բոլոր գործերը փոխանցել է Եվրոպային և ՆԱՏՕ-ին։

«Նա ասաց, որ Ուկրաինան կարող է վերադարձնել 1991 թվականի տարածքները, վերադառնալ սահմաններին, եթե իրեն օգնեն Եվրոպան և ՆԱՏՕ-ն։ «Եվրոպա» և «ՆԱՏՕ» բառերը նրա հռետորաբանության առանցքային բառերն են, որոնք ցույց են տալիս, որ նա ամեն ինչ թողնում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի կամքին։ Եվ, ըստ էության, դրանով ԱՄՆ-ն, որպես Ուկրաինայի և Ռուսաստանի հաշտեցման խաղացող, հետ է քաշվում և բոլոր լիազորությունները փոխանցում է Եվրոպային և ՆԱՏՕ-ին»,- շեշտել է Մատվիյչուկը։

Ամփոփելով՝ Անատոլի Մատվիյչուկն հիասթափեցնող կանխատեսում է արել և ասել, որ աշխարհը Երրորդ համաշխարհայինի շեմին է։

«Իրավիճակը գնում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այսօր ՆԱՏՕ-ն արդեն պաշտոնապես գտնվում է Ուկրաինայի տարածքում։ Ստեղծվել են շտաբեր, կառավարակետեր Օդեսայում՝ ֆրանսիական զինված ուժերի համար։ Ֆրանսիացիները, անգլիացիները և ռումինացիները Ռումինիայի տարածքում ստեղծել են ռազմական կորպուս։ Մենք բոլորս սպասում էինք իրավիճակի զարգացմանը ռազմական գործողությունների արևմտյան թատերաբեմում, սակայն այն զարգանում է ռազմական գործողությունների հարավային թատերաբեմում։ Իրականում, ռազմական տեսանկյունից, պետք է ասենք, որ ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ է մտել Ռուսաստանի հետ։ Կոնֆլիկտը կաճի և կընդունի պատերազմի այլանդակ ձևեր»,- եզրափակել է Մատվիյչուկը։