Իրեն ավելի ուժեղ համարող կողմը կդիմի տարբեր տեսակի սադրանքների. փորձագետ
09 Օգոստոսի 2023, 12:00
Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում վրացական սցենարի զարգացման հավանականությունը և նշել, որ կան տագնապալի նմանություններ և սադրանքների փորձեր։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Վրաստանը բավականին մանրակրկիտ և համակողմանի էր պատրաստվում 15 տարի առաջ տեղի ունեցածին։ Այս նախապատրաստումը շարունակվել է մեկ տարուց ավելի, եղել են մի քանի սրացումներ։ Ընդ որում, ամեն ինչ սկսվել է 2004 թվականցն՝ գրեթե Սահակաշվիլիի իշխանության գալու պահից։ Ինչ վերաբերում է իրավիճակների նմանությանը վերաբերող Ձեր հարցի երկրորդ մասին, ինձ թվում է, որ այստեղ իսկապես մտահոգիչ անալոգիաներ կան և բավական կանխատեսելի փորձեր՝ հրահրելու հայ-ադրբեջանական առճակատման կողմերից մեկին։ Ցավոք, մենք բազմիցս ենք տեսել նման դեպքեր, որոնք հանգեցրել են լուրջ հետեւանքների։ Այն կողմը, որն իրեն ավելի ուժեղ է համարում, ցավոք սրտի, կդիմի նման սադրանքների»։
Ըստ փորձագետի՝ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ուղղված է Հայաստանի ղեկավարներին՝ կոչ անելու, որպեսզի շահագրգիռ կողմերն ավելի շատ տեղեկացված լինեն, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, և դա շատ կարևոր է ստեղծված բարդ իրավիճակում։
«Այո, իսկապես, այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, բայց մինչ այժմ հարցը քննարկման փուլում է, և որքանով մենք հասկանում ենք, կողմերից յուրաքանչյուրը փորձում է առաջ մղել իր շահերը և իր ձևաչափը այս՝ գոյություն չունեցող միջանցքի համար։ Փաստն այն է, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետը, ինչպես ամբողջ պայմանագիրը, բավականին ընդհանրական բնույթ ունի, և կողմերն այն այլ կերպ են մեկնաբանում։
Սա մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական պայքարով, որը ծավալվում է հայտնի իրադարձությունների հետ կապված, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցողի։ Անընդհատ խոսվում է եռակողմ հայտարարության մասին, խոսում են քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, միջնորդներ, բայց այսպես թե այնպես, գործերն առաջ չեն գնում։ Օրինակ, ես Հայաստանում լսեցի փորձագետների կարծիքը, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումներն են, որ պետք է պաշտպանեն այս ճանապարհը։ Եվ որքան հասկանում եմ, Հայաստանում նույնպես չկա այս հարցում կոնսոլիդացված տեսակետ։
Ինձ թվում է՝ մի շարք ուժեր ցանկություն ունեն ներգրավելու եվրոպացի դիտորդներին, այդ թվում՝ զինված։ Ի դեպ, դրա նախաբանը հենց այս դիտորդական առաքելության տեղակայումն էր, որն առաջացրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նման նյարդային արձագանքը։ Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը։
Չեմ կարծում, որ այս պահին որեւէ մեկը կարող է ասել: Ի վերջո, այս հարցը՝ ներառյալ տարածաշրջանում երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման ձևաչափերը, կորոշվի՝ ելնելով ուժերի կոնկրետ հարաբերակցությունից, և նրանից, թե ով կկարողանա առաջ մղել, ավելի ճիշտ՝ ով ավելի շատ հնարավորություն կունենա այս կամ այն որոշումն իրագործել»,- ընդգծել է Անդրեյ Արեշևը։