Իրենք հատուկ են Սփյուռքը կտրում Հայաստանից, դա ծրագիր է. Էդգար Հայրապետյան
24 Դեկտեմբերի 2024, 23:00
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, խայտառակություն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է դիզայներ, միջոցառումների կազմակերպիչ Էդգար Հայրապետյանը:
«Հայաստանը ինձ համար սուրբ է, անաղարտ, բայց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակը ինձ համար խորթ է, աղճատված: Հողը, ջուրը, երկիրը ինձ համար սրբություններ են, բայց այն, ինչ տեղի է ունենում այդտեղ, խայտառակություն է:
Իրենք հատուկ են Հայաստանը կտրում Սփյուռքից, դա ծրագիր է: Իրենք շատ լավ գիտեն Սփյուռքի ուժը և հատուկ են անում, ուզում են սփյուռքը հարմարեցնել իրենց»,- նշել է Հայրապետյանը:
Նա ընդգծել է՝ երբ տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում, չի կարողանում վերադառնալ, քանի որ չի ուզում այդպես տեսնել երկիրը:
«Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, ես պատերազմի տարիների ծնունդ եմ, անցել եմ ԽՍՀՄ փլուզում, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, ամեն ինչ, բայց հիմա երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում իմ երկրում, տեղս չեմ գտնում, չեմ կարողանում գալ, որովհետև չեմ ուզում այդպես տեսնել իմ երկիրը: Պետք է հաղթահարեմ իմ մեջ այդ արգելքը, երևի կհաղթահարեմ կամ կսպասեմ այս իշխանության հեռանալուն»,- եզրափակել է Հայրապետյանը: