Արցախի նախկին նախագահներին ոչ ոք չի հանձնել, իրենց ոտքով գնացել են ու ձերբակալվել. Մետաքսե Հակոբյան
13 Հոկտեմբերի 2023, 22:40
Արցախի նախկին նախագահները ձերբակալվել են Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից։ Իրենց ոչ ոք չի հանձնել, իրենք իրենց ոտքով գնացել են ու ձերբակալվել այնպես, ինչպես Դավիթ Բաբայանը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Իրենք կարող էին ընտրություն կատարել՝ չանել այդ քայլը ու զոհվեին մարդիկ և անեին այդ քայլը ու փրկեին մարդկանց կյանքեր։ Սա է իրականությունը։ Իրական պատերազմի բովով անցած հերոսների պահվածք է, որ այլ կերպ չէր կարող լինել»,- ասել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում ու Արցախում կան, այսպես կոչված, գործակալներ, որ ուղիղ կապ ունեն ադրբեջանական կողմի հետ․
«Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, կան մարդիկ, որոնք ինքնախոստովանում են, որ գործակալ են, շփվում են ադրբեջանական կողմի հետ ու այդ մարդիկ շարունակում են ազատ շրջել։ Նորմալ երկրում սկսում են հատուկ կառույցները զբաղվել այդ մարդկանցով։ Ես վերջին օրերին տեսել եմ Արցախի ռազմաքաղաքական գործիչների արժանապատիվ կեցվածքը։ Տարբեր խոսակցությունների ժամանակ առաջարկվում էր, որ իրենք կարող են տեղափոխվել, նրանք ասում էին՝ նման դեպքում իրենք պարտավոր են վերջում դուրս գալ»,- նշել է Հակոբյանը։