Իշխանափոխությունից հետո պետք է պայքարենք աղքատության դեմ․ Նարեկ Կարապետյան
18 Հոկտեմբերի 2025, 18:32
Այս հրապարակն է որոշելու՝ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։ Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Ես պլանավորում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք և գնանք նոր խնդիրների բախվենք։ Առաջինը՝ պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր, մեր երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, որ երկրում արագ վերացնեն աղքատությունը։ Տարիներ շարունակ մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ և պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է պայքարել ոչ թե մեղավորների, այլ՝ աղքատության դեմ, ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը հաղթի աղքատությանը»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հանրապետության բոլոր շրջանները, Երևանի վարչական շրջանները պետք է ունենան զարգացման ծրագրեր․ մի շրջանը պետք է լինի արդյունաբերական գոտի, մյուսը՝ զբոսաշրջային, մի շրջանը գյուղատնտեսական։
«Երևանն էլ պետք է ունենա իր զարգացման 10-ամյա պլանը, որ ամեն օր մենք իմանանք՝ ո՞ւր ենք շարժվում։ Թե չէ, այսօր մենք ապրում ենք ֆեյսբուքյան գրառումից ֆեյսբուքյան գրառում։ Մեր արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է ֆեյսբուքով։
Իշխանության գալուց հետո սկսվեց պայքար բանակի դեմ, նույն ձեռագիրն է, հիմա էլ ասում են՝ մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է, հակադրություն են ստեղծում, դուք պատկերացնում եք ՔՊ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության սյունն է և դա նրանց մոտ չի հաջողվի»,- ընդգծել է Կարապետյանը։