Իշխանության գլխավոր վախը ընտրողների ակտիվությունն է․ Տիգրան Քոչարյան

06 Մարտի 2026, 21:30

Հայեր

Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն անդրադարձել է վերջին շրջանում հրապարակվող սոցիոլոգիական հարցումներին՝ դրանք որակելով որպես «հիբրիդային տեխնոլոգիա», որի նպատակը հանրությանը ընտրական գործընթացներից հուսահատեցնելն է:

Ըստ Քոչարյանի՝ այս հարցումների իրական նպատակը ոչ թե հանրային տրամադրությունների արտացոլումն է, այլ քաղաքական մանիպուլյացիան: Նա նշել է, որ հարցումներն իրականացվում են արևմտյան կազմակերպությունների կողմից, որոնք կապված են ԱՄՆ որոշակի քաղաքական շրջանակների հետ և հրապարակվում են սիմվոլիկ պահերի, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաների այցերից անմիջապես հետո:

«Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին օբյեկտիվ պատկերը: Այնտեղ ընդդիմությունը չի հավաքել 3 կամ 8 տոկոս։ Եթե էքստրապոլյացիա անենք, ընդդիմության ձայները կազմել են շուրջ 38%: Ինչպե՞ս է պատահում, որ երկու ամսվա մեջ 38%-անոց վարկանիշը դառնում է 3%, իսկ Փաշինյանի վարկանիշն աճում է այնքան, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու մյուսները միասին վերցրած ու կրկնապատկած չեն հասնում նրան»,- ասել է նա։

Տիգրան Քոչարյանի խոսքերով՝ իշխանության գլխավոր մտավախությունը ընտրողների բարձր մասնակցությունն է, քանի որ մեծ թիվը նվազեցնում է վարչական ռեսուրսով ապահովված ֆիքսված տոկոսի կշիռը․ «Իշխանության հիմնական վախը մարդկանց ակտիվությունն է։ Պետք է ուղղակի ստեղծել իրավիճակ, թե՝ «խաղը ծախված է, սուդիան՝ առած, անիմաստ է գնալ ընտրությունների, միևնույն է՝ Նիկոլը հաղթել է»»։

Այս ամբողջ ֆարսի իմաստը, ըստ նրա, այն է, որ հիասթափեցնեն ժողովրդին, որպեսզի քիչ թվով մարդիկ գնան ընտրության։

«Սա իշխանության հստակ ռազմավարությունն է՝ կանխելու ընդդիմադիր զանգվածի մոբիլիզացիան: Սոցհարցումների միջոցով փորձ է արվում հանրությանը ներշնչել, որ ցանկացած պայքար անօգուտ է»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։