Իշխանությունների հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանի մաս է, դժվարացնում են մեր պայքարը. Ռոբերտ Ավետիսյան

01 Սեպտեմբերի 2023, 13:50

Քաղաքականություն

Միակ ձևը, որ արցախահայությունը ունենա իրավունքներ ու անվտանգություն, Արցախի անկախ պետականության ճանաչումն է ամբողջ աշխարհի, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը.

«Իշխանությունների հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանի մաս է, դժվարացնում են մեր պայքարը: Միակ ձևը, որ արցախահայությունը ունենա իրավունքներ ու անվտանգություն, Արցախի անկախ պետականության ճանաչումն է ամբողջ աշխարհի, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից:

Արցախահայությունը պետք է ունենա երաշխավորված իրավունքներ, ազնիվ, հպարտ, հանգիստ ապրելու պայմաններ և մարդու բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանություն»,- ասել է Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ չնայած ամեն ինչին՝ քաղաքական լիարժեք կյանքը Արցախում շարունակվում է:

«Եթե նկատել եք, Արցախում ավանդույթ կա՝ ներքին հանդարտության, ներքին համերաշխության, և ես ուրախ եմ ու վստահ, որ մենք ամեն ինչ կանենք, որ պետականությունը ու այդ կայունությունը շարունակվի: Մարդիկ 9 ամիս իրենց հույսերը կապել են ուրիշ կառավարությունների հետ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ իրավիճակը այսքան կշարունակվի և աշխարհը ի վիճակի չի լինի ճնշել Ադրբեջանին այնպես, որ այս հայատյաց քաղաքականությունը կասեցվի»,- նկատել է ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը:

Alpha News-ի զրուցակիցը դժվարանում է Ամերիկայի հայ համայնքներում կազմակերպված ակցիաների արդյունքների մասին խոսել, որովհետև դեռ չեն հասել իրենց ուզած կարևոր վերջնակետին.

«Արցախը դեռ շրջափակման մեջ է, Ալիևը շարունակում է անպատիժ մնալ իր հանցանքների համար: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ նման ակցիաները շարունակվեն և մեր հասարակության կողմից այս ճնշումը հասնի այնպիսի մակարդակի, որ արդեն թույլ կտա ճեղքել և կասեցնել այս անմարդկային բլոկադան, կվերադարձնի Արցախը նորմալ կյանքին և թույլ կտա մեզ ապրել, արարել, զարգանալ նորմալ մարդկային պայմաններում:

Մենք կոչ ենք անում, որպեսզի ցանկացած տիպի ջանքեր և նախաձեռնություններ շարունակվեն, որոնք թույլ են տալիս խոսել Արցախի մասին, շարունակել Արցախը պահել ուշադրության կենտրոնում և որոնք ուղարկում են շատ լուրջ ազդակ՝ թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին, թե՛ ֆեդերալ կառավարությանը, որ հայությունը, հատկապես՝ Ամերիկայի հայությունը, չի կասեցնելու իր ջանքերը, մինչև այս հարցը չլուծվի ու մեր անվտանգությունը լինի՝ ապահով, երկարաժամկետ, երաշխավորված»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ամերիկայի կառավարությունը շատ հաճախ կոչ է անում Ադրբեջանին կասեցնել բլոկադան և կանգնեցնել այս հակահայկական, հայատյացությամբ լի քաղաքականությունը՝ ուղղված այն ամենին, ինչը հայկական է: Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել այն մարդկանց, որոնք դեռ շարունակում են իրենց պայքարը:

Հիմա եթերում