Իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին, քանի որ Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի. Դավիթ Ղազինյան

18 Նոյեմբերի 2025, 12:42

Քաղաքականություն

Իրավական առումով գործ, որպես այդպիսին, չկա, իշխանության գործելաոճը Սամվել Կարապետյանի հետ կապված, չհաշված մյուս դեպքերը, պայմանավորված է վախով, որ նա դրսում լինելով, ինչպիսի համախմբում կարող է ապահովել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ դրա համար այս պահին իրենց (իշխանությանը-խմբ․) ձեռնտու է, որ նա ազատության մեջ չլինի։

Ինչ վերաբերում է ՀԾԿՀ որոշմանը, որով «Տաշիր կապիտալը» զրկվեց ՀԷՑ-ի լիցենզիայից, Ղազինյանն այն ֆարս անվանեց։

«Մենք դրան մասնակցել ենք միայն մի բանի համար, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ են անում։ Դուք տեսել եք, թե կոնկրետ ինչ փաստերով էինք կոտրում իրենց պնդումները։ Բերում էին վկաների՝ մեր աշխատակիցների ցուցմունքներ, մենք ասում ենք՝ այստեղ ցուցմունքները հակասում են, առաջարկում ենք այդ մարդկանց բերել այստեղ հարցաքննել։ Ուղղակի մերժում են»,- նշեց նա։

Անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե ՀԾԿՀ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, իսկ եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը, Դավիթ Ղազինյանը նախ հիշեցրեց, որ ի սկզբանե խոսում էին ՀԷՑ-ի ազգայնացման մասին, հիմա ինչի այդ մասին չեն խոսում

«Դա ընդամենը հերթական սուտն էր։ Իսկ եթե պետությունը գերակա շահի ճանաչման իրավունքով վերցնի ՀԷՑ-ի սեփականության իրավունքը, պետք է սեփականատիրոջը 15 տոկոսի չափով ավելի վճարի միջազգային անկախ գնահատողի կողմից սահմանած արժեքին»,- ընդգծեց նա։

Ըստ Դավիթ Ղազինյանի՝ սա նշանակում է, որ պետությունը հարկատուների հաշվին, վճարելու է մի քանի հարյուր միլիոն դոլար վարկերի դիմաց, մի քանի հարյուր միլիոն դոլար էլ վճարելու է սեփականատիրոջը․ «Այսինքն՝ քաղաքական քինախնդրության պատճառով ընկնում ենք պարտքի տակ»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, եթե ՀԷՑ-ի գինը ձեռնտու լինի, ապա պետությունն այն կգնի, Դավիթ Ղազինյանը պապատասխանեց․

«Նրա ո՞ր մի հայտարարությունն է ճիշտ։ Տվյալ անձնավորությունը շատ լավ գիտի մոտարկված շուկայական արժեքը և գիտի, որ պետությունը չի կարող այն ձեռք բերել՝ ներգրավելով հարյուրավոր միլիոն դոլար արտաքին պարտք։ Իմ կարծիքով, նրանց խաղաքարտերը խառնվեցին, քանի որ Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի։ Նրանց նպատակն էր, որ նա գնար գործարքի, դրանից հետո գնացին այլ ճանապարհով։

Ոչ մի իրեն հարգող անձնավորություն, կամ բարի համբավ ունեցող, կապ չունի, միջազգային, թե ներքին կազմակերպություն, ՀԷՑ-ը չի գնելու, այստեղ կա «բարոյական կոդեքս»։ Միլիարդատեր մարդու ձեռքից խլածը մեկ այլ կազմակերպություն չի գա, վերցնի։ Այստեղ հարց է, թե որ ուժերին կամ երկրներին է ձեռք տալիս այն ձեռք բերել»,- նշեց Դավիթ Ղազինյանը։