Իշխանությունները սարսափում են, որ թոշակառուներն ընտրությունների ժամանակ իրենց դեմ կքվեարկեն․ Չալաբյան

26 Փետրվարի 2026, 12:30

Քաղաքականություն

Կենսաթոշակառուները բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում են ապրում։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները բարձրացնելու մասին հայտարարությանը։

«Փառք Աստծո, այդ անհեթեթ կուրսը, որը իրենք որդեգրել էին, վերջապես երեկ եկավ իր տրամաբանական ավարտին․ նրանք ընդունեցին այն, ինչը բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուներն ապրում են բացարձակ իրավազուրկ ու ստորացված վիճակում, նրանց խնդիրները պետք է սկսել լուծել»,- ասել է Չալաբյանը՝ հավելելով, որ այդ քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ։

Նրա խոսքով՝ իշխանությունները սարսափում են, որ թոշակառուներն ընտրությունների ժամանակ իրենց դեմ կքվեարկեն, և որպես ընտրակաշառք 10 հազար դրամով բարձրացրել են թոշակները և նպաստները։ Սակայն, ըստ Չալաբյանի, թոշակառուները գումարը վերցնելու են, բայց ընտրությունների ժամանակ դեմ են քվեարկելու իշխանություններին։