Իշխանությունները խաբել են միջազգային գործընկերներին անհետ կորածների հարցում․ Տաթևիկ Սողոյան

18 Դեկտեմբերի 2025, 13:31

Քաղաքականություն

Մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել եմ Անհետ կորածների միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս 2022 թվականին Նիդերլանդների Թագավորության կողմից ստացել էին դրամաշնորհ՝ իրականացնելու հետազոտություն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ընթացքում անհետ կորածների խնդիրների պարզաբանման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է իրավաբան Տաթևիկ Սողոյանը՝ մանրամասներ հայտնելով հանդիպումից։

«Կազմակերպությունը արել էր շատ ծավալուն հետազոտություն, որի արդյունքները ընկերության նախագահը ներկայացրել է Հայաստանում։ Հետագայում այդ զեկույցը հրապարակվել է իրենց պաշտոնական կայքում, և զեկույցի ուսումնասիրությունից ինձ պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին։

Իմ տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով այդ զեկույցը կայքից հեռացվել է։ Եվ կազմակերպությունն այժմ մտահոգված է, որ եթե նախկինում անհետ կորածների ճակատագրի պարզմանը խոչընդոտում էր Ադրբեջանը, ապա հիմա խոչընդոտում է նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Սողոյանը։