Իշխանությունը պառակտում է հասարակությանը, որ դյուրին լինի իշխելը․ Վաչե Բրուտյան

10 Մայիսի 2024, 22:21

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում խմբագիր և հրապարակախոս Վաչե Բրուտյանը Հայաստանում կատարվող գործողությունները որակել է որպես անկասելի ու անշրջելի։

«Այսօր Երևանում շատ կարևոր գործընթաց է սկսել, որն անկասելի ու անշրջելի է։ Երբ եկան այս իշխանությունները, Հայաստանում արագորեն ստեղծեցին ներքին պառակտման մթնոլորտ, որովհետև այդ ձևով միայն կարող էին իրենց իշխանության մնալ։ Երբ պառակտում ես հասարակությունը, դյուրին է դառնում իշխելը։ Սա տիեզերական հաստատված ճշմարտություն է»,- ընդգծել է Բրուտյանը։

Հրապարակախոսը նկատել է՝ հայ հասարակությունը օրը 24 ժամ տեղեկատվական աղբի մեջ է։

«Շատ հաճախ Երևանում կամ դրսում ընկերներիս հետ երբ խոսում էի մեր ազգային հարցերի շուրջ, ասում էին՝ մեր ժողովուրդը անտարբեր է, ժեխ է, Նիկոլին գնացել, էլի քվե են տվել։ Այս խոսակցություններն իրապես տհաճ են։ Այս ժողովրդին պետք չէ մեղադրել, որովհետև մեր ժողովուրդը 2018-ից ի վեր օրական 24 ժամ, տարին 365 օր տեղեկատվական աղբի ռմբակոծության տակ է։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) նայելով, կարծում ես, թե դա Նորվեգիայի հանրային ալիքն է, կապ չունի հայկական աշխարհի իրականության հետ։ Բոլոր զիզի-բիզի բաները, համերգները ուրիշ հարթության վրա են, Հ1-ի քաղաքական վարքագիծը կապ չունի իսկական Հայաստանի հետ»,- նշել է Վաչե Բրուտյանը։

Նա ցավով է նկատել, որ հայ ժողովուրդը ներքնապես պառակտված է, ու այսօրվա շարժման շնորհիվ, ըստ նրա, «հնարավորություն կա մաքրվելու»։