Իշխանությունը խուճապի մեջ է, ճնշում է իր հիմնական մրցակցին՝ «Մայր Հայաստանին». Դերենիկ Մալխասյան

27 Մարտի 2025, 12:18

Քաղաքականություն

Այսօր վաղ առավոտից քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակում:

Alpha News-ի հետ զրույցում ավագանու թեկնածու Դերենիկ Մալխասյանն ասաց, որ ոստիկաններն այս պահին էլ դեռ «Մայր Հայաստան»-ի գրասենյակում են և խուզարկություն են իրականացնում: Ըստ նրա՝ բերման է ենթարկվել «Մայր Հայաստան»-ի երկու համակիր:

«Ազգային ժողովի պատգամավորին թույլ չեն տալիս ներս մտնի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Թե ինչ գործի շրջանակներում է խուզարկություն իրականացվում, տեղեկություն չունենք: Այս ընթացքում մեր համակիրներից Էմմա Գրիգորյանին մանկահասակ երեխաների աչքի առջև ոստիկանները տնից ձերբակալել և տարել են Երևան: Երեխաները լացել են՝ դա տեսնելով, հետո իմացանք, որ Էմմա Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի: Մեր համակիրներից Դիանային ևս ձերբակալել են: Սա կարելի է գնահատել որպես բռնապետությանը հարիր ոստիկանության բռնաճնշումներ:

Ըստ էության՝ իշխանությունն այնքան է խուճապի մեջ, այնքան է հոգեխանգարմունքի հասել, որ ոստիկանությանն օգտագործում է որպես քաղաքական գործիք իր հիմնական մրցակցին ճնշելու համար: Այս դեպքում ոստիկանական սվիններն ուղղված են «Մայր Հայաստան»-ի վրա։ Ցանկանում են պարալիզացնել շտաբի աշխատանքները»,- նշել է Մալխասյանը:

Ավագանու թեկնածուի խոսքով՝ այս ողջ գործընթացն այսօր կայանալիք հանրահավաքը չեղարկելու համար է:

«Այսօր մենք եզրափակիչ հավաք ունենք ժամը 5-ին, և պատրաստվում էինք դրան: Այս ամենը նրա համար է, որ հանրահավաքը չկայանա: Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում ուզում են այնպես անել, որ չկարողանանք աշխատել հենց բուն ընտրությունների պրոցեսի ժամանակ: Ամեն դեպքում Աբովյան փողոցում հանրահավաքը տեղի է ունենալու: Կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին գալ այնտեղ, քանի որ շատ կարևոր հայտարարություններ են հնչելու»,- ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը:

Ըստ Մալխասյանի՝ իշխանությունը իրավապահ համակարգին, ոստիկանությանը որպես սվին է օգտագործում Գյումրիում իրենց իշխանությունը պահելու համար:

«Հատկապես վերջին մի քանի օրվա մեր հրապարակային ակցիաներից, երթերից հետո իշխանությունը հասկացել է, որ ինչ-ինչ գործողություններ պետք է անի մեր համակիրներին ճնշելու համար, որ հրապարակային աջակցությունը չերևա, և անցել է գործողությունների: Սրանից առաջ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ էր գործողություններ արվել իշխանությունների կողմից՝ խոսքը գաղտնալսման մասին է: Այսօր էլ էլի ինչ-որ ձայնագրություն է Հակակոռուպցիոն կոմիտեն բերել՝ անհասցե, անհասկանալի, թե ով ինչ է խոսում, ինչի համար է խոսում, պարզ չէ:

Իշխանությունը բացահայտ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգին, ոստիկանությանը որպես սվին է օգտագործում Գյումրիում իրենց իշխանազավթման արդյունքում ստացած իշխանությունը պահելու համար: Եվ հասկանում եմ, որ այլևս որևէ քայլի առաջ չի կանգնելու այդ իշխանությունը պահելու համար»,- եզրափակել է Դերենիկ Մալխասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։