Իսրայելցի հեռուստահաղորդավարը «Եվրատեսիլ»-ի ժամանակ վիրավորել է հայերին
17 Մայիսի 2025, 12:05
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաալիքի հաղորդավարը ուղիղ եթերում վիրավորել է հայերին: Այս մասին հայտնում է «SavetheArQ» նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում:
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո հաղորդավարը հայտարարել է. «Չեմ հավատում, որ այդ տղաներին Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել»:
«SavetheArQ» շարժումն այս արտահայտությունն անվանել է ռասիստական և ընդգծել, որ Երուսաղեմում հայկական ներկայությունն ավելի քան 1600 տարվա պատմություն ունի:
«Սա մտահոգիչ, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որն ուղղված է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառույցի անբաժանելի մաս կազմող հնագույն համայնքին: Նախ ուզում ենք ճշտել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին «չի հանձնվել»։ Այն կառուցվել, պահպանվել և զարգացել է դարեր շարունակ հայ ժողովրդի կողմից, որն իր շարունակական ներկայությունն է պահպանում սուրբ հողում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի: Այս ներկայությունը ճանաչված է ամբողջ աշխարհում և եզակի ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում», — ասվում է «SavetheArQ» շարժման հայտարարության մեջ:
Շարժումը կոչ է արել Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնապես ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից:

