Իսրայելի և Իրանի միջև բախում մոտ ապագայում չի լինի. իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկեր
09 Հոկտեմբերի 2023, 21:45
Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի և Իրանի միջև հնարավոր բախումը, ինչպես նաև այն, թե ինչպես դա կարող է ազդել Հայաստանի վրա։ Փորձագետի կարծիքով՝ մոտ ապագայում Իսրայելի եւ Իրանի միջեւ բախում չի լինի։
«Պարզ է, որ առճակատում կա, նրանց Սահմանադրության մեջ գրեթե գրված է, որ սիոնիստական կազմավորումը պետք է ոչնչացվի։ Բայց այսօր Իսրայելը դրա համար ժամանակ չունի, նա պետք է ոչնչացնի Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորումը, և դա որոշ ժամանակ կպահանջի, հետո պետք է վերլուծել իրավիճակը, թե ինչպես եղավ, որ պատերազմի առաջին օրը որոշակի սխալներ եղան թե՛ հետախուզության, թե՛ արձագանքման մեջ։ Այսպիսով, Իսրայելը մոտ ապագայում անելիք ունի։
Ավելին, մեր դաշնակիցները՝ ի դեմս ԱՄՆ-ի, նույնպես զգուշացրել են ՀԱՄԱՍ-ին, թեև ՀԱՄԱՍ-ին՝ ուշացած, բայց, համենայն դեպս, զգուշացրել են «Հեզբոլլահին» և Իրանին, որ չմիջամտեն այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում։ Դա ապահովելու համար նրանք ռազմանավ են մոտեցրել մեր ափերին՝ ամերիկյան նավատորմի ուղեկցությամբ, որը գտնվում է Միջերկրական ծովում։ Հասկանալի է, որ դա չի ենթադրում ռազմանավի կիրառում, դա ուժի ցուցադրություն է, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի մոտ ապագայում միջամտել ահաբեկիչների հետ մեր առճակատմանը։ Ուստի, մոտ ապագայում նման հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է փորձագետը։
«Եթե երբևէ ռազմական մակարդակում նման առճակատում տեղի ունենար, ի դեպ, մենք պետք է հասկանանք, որ սահման չունենք Իրանի հետ, դա կնշանակի, որ առաջին հերթին Իրանը պատերազմ կսկսի ինչ-որ կազմակերպությունների կամ երկրների միջոցով, և սա կազդի մեծ Մերձավոր Արևելքի և, բնականաբար, նաև Հայաստանի վրա»,- եզրափակել է Ալեքսանդր Ցինկերը։