Ես ամաչում եմ, որ իմ երկիրը զինում է Ադրբեջանին փողի դիմաց. Իսրայելցի Յարոն Վայս
23 Օգոստոսի 2023, 19:06
Alpha News-ի զրուցակիցն է իսրայելցի հասարակական գործիչ, Կովկասի հարցերով մասնագետ Յարոն Վայսը:
-Նախ, շնորհակալություն ձեր ջանքերի, Արցախի համար նախաձեռնած բոլոր գործողությունների համար: Կմանրամասնե՞ք, թե ինչ էք արել մինչ այժմ:
-Մենք մի խումբ ակտիվիստներ ենք Իսրայելից։ Մենք մեզ անվանում ենք «Հայաստանի դաշնակիցներ»: Այն, ինչ մենք փորձում ենք անել, ազդելն է իսրայելական լրատվամիջոցների վրա ու պատմելը Արցախի ժողովրդի մասին։ Իսրայելում իրավիճակը շատ ծանր է, քանի որ լրատվամիջոցները գտնվում են Իսրայելյան կառավարության, շահերի խմբերի և ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ: Եվ նրանք վախենում են խոսել այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում, հատկապես, երբ Իսրայելը պատասխանատու է կատարվածի համար, քանի որ նախկինում շատ զենք էր վաճառել Ադրբեջանին: Անցյալ շաբաթ Արցախյան իրավիճակի մասին հոդված էր հրապարակվել Իսրայելի հայտնի թերթերից մեկում: Այն մարդը, ումից հարցազրույց էին վերցնում, Ստեփանակերտից իմ լավ ընկերներից մեկն էր: Մի քանի օր առաջ համացանցի ամենահայտնի լրատվամիջոցներից մեկում եւս հրապարակվեց հոդված: Մենք անընդհատ փորձում ենք պատմել Արցախի մասին, քանդել լրատվամիջոցների պատերը, քանի որ կարևոր է Իսրայելի ժողովրդին տեղյակ պահել և պատմել, թե ինչ է կատարվում, հատկապես, երբ Իսրայելը մեղավոր է կատարվածի համար: Մենք նաև նամակ ենք գրել Իսրայելի նախագահին: Մի քանի ամիս առաջ նա այցելել էր Բաքու և հանդիպել բռնապետ Ալիևի հետ: Մենք իրեն նամակ գրեցինք: Նամակը ստորագրվել է լրագրողների և Իսրայելի հայտնի գործիչների կողմից: Մենք կոչ ենք արել նախագահին՝ օգտագործել իր ազդեցությունը ադրբեջանական ռեժիմի վրա, դադարեցնել շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։ Մինչ այժմ նա չի պատասխանել նամակին, բայց մենք զարմացած չենք: Կարծես թե, Իսրայելի կառավարությունն ու իսրայելական ԶԼՄ-ները չեն ցանկանում, որ Իսրայելի ժողովուրդն իմանա, թե ինչ է այժմ կատարվում Արցախում:
-Նույնիսկ Իսրայելի հայ համայնքն այնքան ակտիվ չէ, որքան Դուք։ Մենք կցանկանայինք հասկանալ Ձեր ակտիվության պատճառները: Ինչո՞ւ եք այդքան զգայուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի նկատմամբ:
-Իրականում, ես բազմիցս եղել եմ Հայաստանում, ինչպես նաև Արցախում, պատերազմից առաջ շատ անգամ եմ եղել Արցախում։ Ես եղել եմ տարբեր գյուղերում, տարբեր տեղերում։ Ես նաև ունեմ շատ ընկերներ: Որպես էքսկուրսավար եմ աշխատել Հայաստանում՝ Հայաստան բերելով իսրայելական խմբեր։ Բայց, Արցախն իմ սրտի մի մասն է։ Եվ ես, նույնպես, ինձ զգում եմ Արցախի մի մասը, անգամ պատերազմից հետո երեք անգամ այցելել եմ Արցախ՝ Արցախի կառավարության թույլտվությամբ։ Այսպիսով, նման իրավիճակում ես զգում եմ, որ իմ հայրենիքը հարձակման է ենթարկվում: Ես իմ արցախյան ընկերներին ընկալում եմ՝ որպես ընտանիք, իսկ Արցախը՝ որպես իմ տուն։ Չնայած ես հայ չեմ, ես հրեա եմ, ես էմոցիոնալ կերպով կապված եմ Հայաստանի և Արցախի հետ։ Ես զգում եմ, որ իմ առաքելությունը, հատկապես, երբ ես Իսրայելի քաղաքացի եմ և ապրում եմ Իսրայելում, Արցախի համար պայքարելն ու Արցախին աջակցելն է։ Մեր խումբը համագործակցում է հայկական համայնքի հետ։ Մինչ այս պահը, միայն մեկ բողոքի ակցիա էր տեղի ունեցել արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Դա մի փոքր ակցիա էր: Մենք նախատեսում ենք ևս մեկ բողոքի ակցիա անցկացնել՝ համագործակցելով իսրայելական խմբերի հետ, որոնք պայքարում են բռնապետությանը զենք վաճառելու դեմ, և այլ խմբերի հետ, որոնք աջակցում են փախստականներին, ինչպես նաև հայ համայնքի հետ: Մեր առաքելությունն է՝ կոչ անել Իսրայելի կառավարությանը՝ ազդել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինը դադարեցնի շրջափակումը։
-Իսրայելական պետությունը զենք է տրամադրում այն երկրներին, որոնք հումանիտար ճգնաժամեր են ստեղծում, այն երկրներին, որոնք հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա և մարդու իրավունքների լուրջ խախտումներ ստեղծում: Եթե Իսրայելում ավելի շատ ձայներ աջակցեն Արցախին, որևէ փոփոխություն կարո՞ղ է տեղի ունենալ:
-Ցավոք, Իսրայելում մարդկանց մեծ մասը չգիտի, որ այդ զենքը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Իսրայելական զենքի արտադրությունը դա անում է փողի համար: Նրանք մարդկանց բացատրում են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական են, քանի որ Իրանի հետ կապված իրավիճակը նրանց ստիպում է լինել Ադրբեջանի դաշնակիցը, քանի որ Իրանը Իսրայելի թշնամին է։ Բայց, մենք գիտենք, որ Իսրայելը զենք է վաճառել աշխարհի շատ բռնապետությունների՝ Ասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում։ Մենք գիտենք, որ հիմնական պատճառը փողն է։ Մենք փորձում ենք բացատրել, որ այդ զենքը, որը վաճառում է Իսրայելը, սպանում է մարդկանց: Թվում է, թե իսրայելցիները չգիտեն այդ մասին: Եվ դա շատ տխուր է: Ես ամաչում եմ, որ իմ երկիրը դա անում է փողի համար, և այն մարդիկ, որոնք կառավարում են Իսրայելը, Հոլոքոստը վերապրածների թոռներն ու ծոռներն են: Ցավոք, սա է իրականությունը:
-Ի աջակցություն Արցախի ժողովրդի՝ սպասվու՞մ է արդյոք որևէ նոր գործողություն, որևէ նոր բողոքի ակցիա ։
-Ինչպես արդեն ասել եմ, սեպտեմբերի սկզբին նախատեսում ենք անցկացնել նոր բողոքի ակցիա՝ հայ համայնքի և իսրայելական այլ խմբերի համագործակցությամբ: Այսպիսով, մենք ուզում ենք, որ դա լինի լայնածավալ ցույց, ինչպես եղել է պատերազմի ժամանակ: 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել 500 հոգանոց բողոքի ակցիա: Հուսով եմ, որ ապագայում մենք կշարունակենք նույնը անել:
-Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող հայերին ասելիք ունե՞ք: Խոսքը Ձերն է։
-Իմ արցախյան ընկերնե՛ր ու ընտանի՛ք, դժվար ժամանակ է, բայց ես վստահ եմ, որ լավ մարդիկ կդիմանան այս իրավիճակին։ Մենք հիշում ենք հրեա ժողովրդի և հայ ժողովրդի պատմությունը, որոնց հաջողվել է վերապրել ցեղասպանություններ և բազմաթիվ աղետներ: Եվ այնուամենայնիվ, մենք ՝ հրեա ժողովուրդը և հայ ժողովուրդը այստեղ ենք: Ես գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են, բայց որքան հնարավոր է շուտ, իրավիճակը կփոխվի։ Եվ ես հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք Ստեփանակերտում, հուսով եմ՝ Շուշիում: Ես ձեզ հետ եմ, իմ ընկերնե՛ր: