Իսրայելի նպատակն է ամբողջությամբ «դուրս թողնել» Իրանը․ Կիրիլ Սեմյոնով

Քաղաքագետ, Մերձավորարևելյան հակամարտությունների փորձագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը:

«Ընդհանուր առմամբ, Իրանը դեմ չէ միջուկային գործարքին։ Հարցն այն է, թե ուրիշ ինչ դրույթներ է ցանկանում այնտեղ ներառել Թրամփը, բացի խաղաղ միջուկային ծրագրի հարցից։ Այսինքն՝ այստեղ հարցերի մի ամբողջ շարք կա։ Եթե այն ուղղակիորեն վերաբերում է միջուկային ծրագրին, ապա, հավանաբար, դա Իրանի համար ընդունելի է, իսկ եթե այնտեղ ինչ-որ լրացուցիչ դրույթներ են մտնում, ապա, իհարկե, դա Թեհրանի համար անընդունելի կլինի։ Ես կարծում եմ, որ Իրանն, ընդհանուր առմամբ, պատրաստ էր միջուկային գործարքի, հարցը միայն այն է, թե արդյոք միջուկային գործարքի հետ համաձայնությունը կնշանակի պատժամիջոցների ավտոմատ վերացում, թե այն պարզապես կլինի պահանջ, և փոխարենը Իրանը պարզապես չի ռմբակոծվի։ Իհարկե, երկրորդ պայմանի հետ Իրանը դժվար թե համաձայնի», — ասել է Սեմյոնովը։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելը ցանկանում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանին հարվածելու մեջ, որպեսզի ոչնչացնի Իրանը:

«Թրամփի քաղաքականությունն այն է, որ նա պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ, նա գնում է այդ քայլերին, որպեսզի նվազեցնի լարվածությունը և թույլ չտա, որ Իսրայելը հարվածի Իրանին։ Իսրայելն, իհարկե, էսկալացիա է ուզում։ Խնդիրն այստեղ միջուկային զենքի մեջ չէ, Իսրայելը, սկզբունքորեն, ցանկանում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանին հարվածելու մեջ, թուլացնել Իրանին և ոչնչացնել և ամբողջովին «դուրս թողնել»։ Սա է Իսրայելի նպատակը։ Բնականաբար, նա միայնակ չի կարող դա անել։ Եվ այդ պատճառով էլ փորձում է ինչ-որ կերպ այդ գործընթացի մեջ ներքաշել ԱՄՆ-ին։ Ամերիկացիները պատրաստ չեն Իրանի հետ ինչ-որ գլոբալ պատերազմի, Իսրայելը դա հասկանում է, բայց ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ առավելագույն աջակցություն Իրանի վրա ուժային ճնշում գործադրելու հարցում, այսինքն՝ առավելագույնը քամել ԱՄՆ-ից։

Այլ բան է, որ Թրամփը չի ցանկանում Իրանի հետ էսկալացիայի մեջ մտնել և իրականում կցանկանար ամեն ինչ լուծել խաղաղությամբ, բայց միևնույն ժամանակ դա անել այնպես, որ Իսրայելը գոհ մնա: Այդ խնդիրը շատ դժվար լուծելի է, բայց ամեն ինչ հնարավոր է», — եզրափակել է Սեմյոնովը։