Իսրայելից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխելու համար ինքնաթիռ է մեկնել
16 Հոկտեմբերի 2023, 12:17
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ինքնաթիռ է մեկնել Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ՀՀ քաղաքացիներ Երևան տեղափոխելու համար։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ, դեռ այնտեղ չի հասել։ Նախնական պլանավորվել էր, որ Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին, թռիչքը մոտ 3 ժամ է տևում»,– մանրամասնել են ՔԱԿ-ից։
Կոմիտեից չեն հստակեցրել, թե քանի հայ պետք է Իսրայելից Հայաստան տեղափոխվի, միայն նշել են, որ 220 տեղանոց ինքնաթիռ է մեկնել, բայց հայտնի չէ՝ քանի մարդ կտեղափոխվի։
Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել չվերթից. «Չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։
Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ: