Իսրայելն իր զինվորականներից պահանջել է լքել Ադրբեջանն ու Վրաստանը
12 Օգոստոսի 2024, 11:06
Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Kan պետական հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։
Kan-ը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:
Իսրայելը չի մեկնաբանում Հանիյեի մահը, իսկ Շուքրի սպանությունը համարել են պատասխան Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրետակոծությանը, որտեղ 12 մարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին: