Իսրայելը Բաքվին զենք է մատակարարել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների համար․ Անա Կասպարյան

29 Հուլիսի 2025, 10:50

Քաղաքականություն

Ամերիկահայ լրագրող, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Անա Կասպարյանը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իսրայելական սպառազինությունն օգտագործվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացված գործողություններում։

«Tucker Carlson Network»-ի եթերում նա նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են Արցախի պատմական տաճարները, իսկ հարյուր հազարավոր էթնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Կասպարյանի խոսքով՝ համաշխարհային ԶԼՄ-ները գործնականում անտեսել են իրավիճակը, քանի որ «հայերը միջազգային ասպարեզում չունեն հզոր քաղաքական լոբբի»։

Անա Կասպարյանն ամերիկահայ քաղաքական մեկնաբան է։ Նա ծնվել է Լոս Անջելեսում՝ սիրիահայ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրական կողմի նախատատն ու նախապապը փրկվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից։