Իսրայելը ցանկանում է մոտեցնել մեծ պատերազմը, իսկ Իրանը ցանկանում է խուսափել դրանից. Գեորգի Ասատրյան

07 Հոկտեմբերի 2024, 23:48

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի հրթիռային հարձակմանն Իսրայելի վրա, Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի հավանականությանը և ինչպես դա կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Եթե գլոբալ խոսենք, գործ ունենք ներկայիս միջազգային համակարգի կործանման հետ։ Իսկ միջազգային հարաբերությունների յուրաքանչյուր դերակատար ձգտում է հասնել իր առջև դրված նպատակներին։ Իրանը չէր կարող չպատասխանել Իսրայելին։ Սա վերջին տարիներին Իսրայելի դեմ ամենաուժեղ հարվածն էր։ Եվ դա ավելի լուրջ էր, քան առաջին հարվածը: Եթե առաջին հարվածն ավելի տեղեկատվական նշանակություն ուներ, քանի որ դա առաջին անգամն էր, և ոչ ոք նման բան չէր սպասում, ապա երկրորդ հարվածը ավելի նշանակալից էր։

Իրանի կողմից որոշ թիրախներ խոցվել են՝ չնայած Իսրայելի հայտարարությանը։ Այո, հրթիռների մեծ մասը որսացել են, բայց ընդհանուր առմամբ Իրանը ցույց է տվել, որ կարող է հարված հասցնել Իսրայելին։ Այսպես թե այնպես, հարվածը կարող է լինել ոչ աղետալի, բայց կարող է բավականին լուրջ խոցել։

Այստեղ կա նաև հոգեբանական պատերազմի բաղադրիչը, որովհետև, ցավոք, այս ամբողջ իրավիճակի պատճառով այդ երկրների ժողովուրդներն ապրում են բավականին ծանր իրավիճակում և շատ ժամանակ են անցկացնում բունկերներում։ Եվ այդ առումով, ըստ էության, Իրանը ելնում է նրանից, որ Իսրայելին մշտական լարվածության մեջ կպահի, ինչը նույնպես կարող է ազդեցություն ունենալ նրա հետ, որ Իսրայելում նման քաղաքական համակարգ է, և ժողովրդի, Իսրայելի բնակչության մեծամասնության կարծիքից նույնպես կախված կլինի, թե ինչպես կզարգանա արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է Ասատրյանը։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելը ցանկանում է մոտեցնել մեծ պատերազմը տարածաշրջանում, իսկ Իրանը ցանկանում է խուսափել դրանից կամ առնվազն հետաձգել այն։

«Տեսակետ կա, որ այս ամբողջ հարցի հիմքում Իրանի միջուկային ծրագիրն է։ Իրանին ավելի շատ ժամանակ է պետք ինչ-որ շոշափելի հաջողությունների հասնելու համար, իսկ Իսրայելին անհրաժեշտ է, որ ունենա երկաթե սանձ, և Իսրայելի դաշնակիցներն, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգները և համաշխարհային Արևմուտքի որոշ այլ երկրներ, աջակցեն Իսրայելին և թույլ չտան այդ միջուկային ծրագիրն ավարտին հասցվի:

Իրանը խուսափում է մեծ կոնֆլիկտից, դա երևում է, զգացվում է։ Իսրայելն իր հերթին իր հարցերը լուծում է և՛ հյուսիսում, և՛ հարավում՝ փորձելով անվտանգության բուֆերներ ստեղծել և Իրանին զրկել իր պրոքսի ուժերից»,- նշել է Ասատրյանը։

Խոսելով Լիբանանում Իսրայելի գործողության մասին՝ փորձագետն ասել է, որ Իսրայելը փորձելու է ազդել Լիբանանի քաղաքական համակարգի վրա և դրանով թուլացնել «Հըզբոլլահ»-ին։

«Ես կարծում եմ, որ նրանք բուֆերային գոտի կկառուցեն Լիբանանի հարավում և կփորձեն ազդել Լիբանանի քաղաքական համակարգի վրա, փոխել Լիբանանի քաղաքական համակարգը, որպեսզի այն դառնա ոչ բարեկամական «Հըզբոլլահ»-ի նկատմամբ, որպեսզի Լիբանանի բնակչության մի ստվար զանգված հասկանա, որ «Հըզբոլլահ»-ի նկատմամբ չեզոք կամ դրական վերաբերմունքը գին կունենա Լիբանանի ժողովրդի տարբեր դավանանքների, տարբեր կրոնական խմբերի համար»,- ընդգծել է Ասատրյանը:

Փորձագետի կարծիքով՝ առանց ԱՄՆ աջակցության Իսրայելի համար ավելի դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը։

«Հարկ է նշել, որ հասարակական կարծիքը, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Իսրայելի և Իսրայելի արտաքին քաղաքականության վերաբերյալ փոխվում է։ Եվ վաղ թե ուշ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում կարող է լինել գլոբալ պարադիգմի ինչ-որ փոփոխություն: Առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության Իսրայելի և Իսրայելի ղեկավարության համար ավելի բարդ կլինի, քանի որ նրանց շրջապատը շատ անբարյացակամ է, նույնիսկ եթե մենք չենք խոսում այն քաղաքական ռեժիմների մասին, որոնք ընդհանուր առմամբ աջակցում են Իսրայելին կամ չեզոք դիրք են զբաղեցնում, այդ թվում նաև արաբական երկրները»,- ընդգծել է Ասատրյանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դերին Մերձավոր Արևելքում և Վաշինգտոնի՝ Իսրայելին հետ պահել Իրանի դեմ պատասխան հարվածից, որպեսզի խուսափի խոշոր էսկալացիայից, փորձագետն ասել է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական ազդեցությունն իսկապես թուլանում է: Իհարկե, դա մեծ միջուկային տերություն է, տեխնոլոգիական տերություն, տնտեսական տերություն, բայց ԱՄՆ-ի ներսում նման քաղաքական խառնաշփոթը, ընտրությունների շրջանը կասկածի տակ է դնում քաղաքական որոշումների կայացման համարժեքությունը։ Եվ այս կամ այն դաշնակիցները, որոնք ԱՄՆ-ն ունի աշխարհում, կարող են հարց տալ, թե վաղն ով կլինի այնտեղ, ընդհանրապես ինչ է կատարվում։

Ուստի կարծում եմ, որ ԱՄՆ-ի միանշանակ ազդեցությունն Իսրայելի վրա չկա։ Մյուս կողմից, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության, Իսրայելն այս տարածաշրջանում չի կարող ապահովել իր լիակատար անվտանգությունը: Եվ ես կարծում եմ, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։ Այստեղ նրանք միայնակ չեն կարող դիմակայել իրենց սպառնացող սպառնալիքներին»։

Խոսելով այն մասին, թե ինչպես կարող է Մերձավոր Արևելքում էսկալացիան ազդել հարավկովկասյան տարածաշրջանի վրա, փորձագետն ասել է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմը կարող է թույլ տալ Հարավային Կովկասի տարբեր ուժերին իրենց հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Իսկ առկա սպառնալիքների ֆոնին նա քննադատական գնահատական է տվել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությանը:

«Ինձ թվում է, որ մեծ պատերազմը, եթե դա տեղի ունենա, կարող է այսպես թե այնպես թույլ տալ Հարավային Կովկասի տարբեր ուժերին իրենց մնացած բոլոր հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Իրանը տարածաշրջանում ունի իր շահերը, Իսրայելն էլ ունի շահեր, որոնք կապված են Իրանի դեմ իր ուժի ազդեցության կամ հնարավոր պրոյեկտման հետ՝ օգտագործելով այլ երկրներ։ Հետևաբար, տեսականորեն, եթե մեծ պատերազմ սկսվի, ապա տարբեր ուժեր կարող են այդ իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար և փորձել ուժային ճանապարհով լուծել իրենց հարցերը։

Հայաստանը վարում է տարօրինակ քաղաքականություն, որն, իմ կարծիքով, չեն հասկանում ոչ Արևմուտքում, ոչ Արևելքում, ոչ հարավում, ոչ հյուսիսում։ Այդ պատճառով այստեղ մնում է միայն հետևել, թե ինչի կհանգեցնի այդ ամենը»,- եզրափակել է Գեորգի Ասատրյանը։