Իսրայելը հայտնել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Թեհրանում պայթյուններ են արձանագրվել

28 Փետրվարի 2026, 11:10

Քաղաքականություն

Իսրայելը հայտարարել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։ Այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Իրանին կանխարգելիչ հարված է հասցվել՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։

Հաղորդվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ  փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։

«Իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել անհապաղ փոփոխություններ կատարել Ներքին գործերի նախարարության ուղեցույցներում։ Փոփոխությունների շրջանակներում որոշվել է երկրի բոլոր շրջանները լիարժեք գործունեության ռեժիմից տեղափոխել անհրաժեշտ գործունեության ռեժիմի», — ասվում է հայտարարությունում։

Կանոնակարգերը ներառում են «կրթական գործունեության, հավաքների և ձեռնարկությունների գործունեության արգելք՝ բացառությամբ կենսական կարևորության ոլորտների հետ կապված ձեռնարկությունները»։

Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

Նշվում է, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։