Իսրայելը կարող է փորձել Ադրբեջանին ներքաշել Իրանի դեմ հակամարտության մեջ․ Արա Պողոսյան
06 Մարտի 2026, 18:00
Այս փուլում Ադրբեջանի և Իրանի միջև ուղիղ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ չէ, սակայն իրավիճակը պետք է դիտարկել առնվազն երկու հնարավոր սցենարի շրջանակում։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ առաջին սցենարը կապված է հակամարտության հնարավոր ընդլայնման հետ։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը փորձում է հակամարտության մեջ ներգրավել նոր դերակատարների և այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում։
«Իսրայելը տեսնում ենք, որ բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի հակամարտության մեջ նոր կողմեր ներքաշի։ Նույնը տեղի է ունենում թե՛ Ծոցի տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության դաշնակիցների դեպքում, որոնց այս կամ այն ձևով փորձում են ներգրավել հակամարտության մեջ»,– ասել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ դա խոսում է այն մասին, որ Իսրայելը բավականին մեծ խաղադրույք է կատարել այս հակամարտության վրա և փորձում է ամեն գնով հասնել իր ռազմավարական նպատակների իրականացմանը Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Պողոսյան չի բացառում նաև հնարավոր սադրանքների տարբերակը։
«Ես բացարձակապես չեմ բացառում, որ հնարավոր է սա Իսրայելի կողմից կազմակերպված սադրանք լինի։ Իսրայելն այսպիսի փորձ ունի․ նման տեխնոլոգիաներ իսրայելցիները կիրառել են տարբեր հակամարտություններում, իսկ իսրայելական հատուկ ծառայությունները հատկապես հայտնի են այսպիսի ձեռագրով»,– նշել է նա։