Իսրայելը խախտել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը. Վասիլի Օստանին
10 Սեպտեմբերի 2025, 21:20
Արևելագետ-արաբագետ, ՌԳԱ Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Արևելքի և հետխորհրդային երկրների բաժնի գիտաշխատող Վասիլի Օստանինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կատարի ուղղությամբ Իսրայելի հարվածները:
Փորձագետի խոսքով՝ Կատարի կողմից Իսրայելին ուղղված սպառնալիք չի եղել, սակայն Իսրայելը միշտ ելնում է ոչ թե միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից, այլ իր ազգային անվտանգության ապահովման նկատառումներից։
«Մենք, իհարկե, ունենք միջազգային իրավունքի համակարգ, որն, ըստ էության, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի համակարգի բոլոր մասնակիցներին երաշխավորում է անվտանգություն և ինքնիշխանություն իրենց սահմանների շրջանակներում։ Իսրայելն, այս տեսանկյունից, իհարկե, խախտել է միջազգային իրավունքի այդ բոլոր սկզբունքներն ու նորմերը՝ հարվածելով Կատարի տարածքում գտնվող օբյեկտին։ Մի կողմից, դրանում ոչ մի նոր բան չկա։ Իսրայելը մշտապես հարվածներ է հասցնում տարածաշրջանի ցանկացած պետության տարածքում գտնվող օբյեկտներին, որտեղից, հրեական պետության քաղաքական և ռազմական ղեկավարության կարծիքով, սպառնալիք է բխում ազգային անվտանգությանը։
Այսինքն՝ այստեղ նրանք ելնում են ոչ թե միջազգային իրավունքի նորմերից ու սկզբունքներից, այլ իրենց ազգային անվտանգության ապահովման նկատառումներից։ Կատարի կողմից Իսրայելին ուղղված սպառնալիք չի եղել, ավելին, Կատարը բանակցային հարթակ էր, Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցային գործընթացի հիմնական միջնորդներից մեկը, բայց Իսրայելը հասկանում է, որ դրա հետևում թաքնված էր ՀԱՄԱՍ-ի ֆինանսական և մեդիա աջակցությունը, ուստի հարվածը հասցվեց հենց ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Օստանինը։
Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի գործողություններին արձագանքը կլինի դիվանագիտական և կոշտ։
«Կարող են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվել Եվրամիության մի շարք պետությունների կողմից, և կոշտ հակահարված կտրվի արաբական պետությունների կողմից։ Մասնավորապես, կասկածի տակ կդրվեն այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերը», այսինքն՝ Իսրայելի և մի շարք արաբական պետությունների, առաջին հերթին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև խաղաղության պայմանագրերը»,- եզրափակել է Օստանինը: