Իտալիայում կայացել է «Արցախում տեղի ունեցած վայրագությունները» թեմայով սեմինար-քննարկում

21 Դեկտեմբերի 2023, 22:44

Կրթություն

Իտալիայի Կալաբրիա քաղաքի Università degli Studi Mediterranea համալսարանում դեկտեմբերի 20-ին կայացել է «Արցախում տեղի ունեցած վայրագությունները» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել է ՀՀ-ից իրավագիտության պրոֆեսոր Լիլիթ Գևորգյանը։

Քննարկմանը, որին 200 մասնակից է ներկա եղել, այդ թվում իրավաբան-պրոֆեսորներներ Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Գևորգյանը պատմել է, որ Արցախի ժողովուրդը 1990-ականներին օրինական կերպով ընտրել է Ադրբեջանից առանձին ապրելու ճանապարհը, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք:

«Ինքնորոշումը ժամանակակից միջազգային իրավունքի հիմնական սկզբունքն է, որը սովորաբար հայտնի է որպես «jus cogens» կանոն: Իրավունքի ուժով ցանկացած ժողովուրդ ազատորեն որոշում է իր քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ է լինում իր զարգացմանը», — Aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Լիլիթ Գևորգյանը ներկայացրել է 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված դաժանությունները, խոշտանգումները։ Նա նշել է, որ այժմ պատմական Արցախն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Հայկական Արցախի ժողովրդի բնաջնջման փաստերը ներկայացնելուց հետո, ուզում եմ հարցնել ձեզ՝ ի՞նչ իրավական գնահատական կարող եք տալ, հարգելի պրոֆեսորներ», — հարց է ուղղել Գևորգյանը։

Արգենտինացի պրոֆեսսոր Լուի Վիլլալբան նշել է. «Սա դաժան պատերազմ է եղել, ավելի դաժան, քան մենք լսում ենք մեդիայում»։

«Սա պատերազմ չի եղել, այլ միայնակ հայի գոյամարտ քաղաքակիրթ հասարակության անտարբերության օվկիանոսում», — արձագանքել է Գևորգյանը։

Հիմա եթերում