IUSY և YES երիտասարդական կազմակերպությունները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

24 Նոյեմբերի 2024, 11:45

Քաղաքականություն

Սոցիալիստական երիտասարդության միջազգային միությունը (IUSY) և Եվրոպական սոցիալիստական երիտասարդությունը (YES) Բաքվում անցկացվող COP29 կլիմայական կոնֆերանսի շրջանակում հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել քաղբանտարկյալներին և հայ խաղաղ բնակիչներին։
Փաստաթղթում երիտասարդական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Արցախում (Լեռնային Ղարաբաղ) վերջին էթնիկ զտումներից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները:

«IUSY — ն և YES-ը պահանջում են, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին (լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական ընդդիմախոսներին), ինչպես նաև բոլոր ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և էթնիկ հայ պատանդներին»,- նշվում է հայտարարության մեջ՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հանցագործությունների համար։

Երկու կազմակերպություններն էլ վերահաստատել են նաև իրենց աջակցությունը հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքին և տեղահանվածների հավաքական կերպով վերադարձին Լեռնային Ղարաբաղ։

«Մենք հավատարիմ ենք մնում մեր քաղաքականությանը՝ աջակցելու ժողովրդի ինքնորոշմանը և հայ բնակչությանն՝ իրենց հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ հավաքական կերպով վերադառնալու իրավունքին։ Բացի այդ, մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ»,- ընդգծել են նրանք։