Ջահերով երթի նպատակն է ցույց տալ, որ հայը չի մոռանում անցյալը․ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն
24 Ապրիլի 2024, 13:05
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Պահանջատիրություն խորհրդանշող Ջահերով երթը վաղուց արդեն դարձել է ավանդական ու կշարունակվի, քանի դեռ հայությունը իր պայքարի ուժով չի կարողացել հասնել արդար դատաստանի ու հատուցման։ Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը, որը դրսևորվում է ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվող պահանջատիրություն խորհրդանշող Ջահերթերով։ Այն հիշողության ու պայքարի ոգու շարունակականությունն է։
Ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չմոռանալով անցյալը, միշտ վառ կպահի 1915թ․ Օսմանյան կայսրության կազմակերպած ոճրագործությանը զոհ գնացած միլիոն ու կես սուրբ նահատակների հիշատակը և հավաստիացնում, որ իրենց վրեժը լուծելու են։ Հայը պայքարելու է հանուն արդարության, պահանջատեր է ու կպայքարի մինչև հասնի Հայ դատի արդար լուծման։ Այս տարվա Ջահերով երթերի պահանջատիրական ու հիշատակի խորհրդին ավելացել է նաև այն, որ եթե տարիներ առաջ Թուրքիան խուսափում էր ընդունել ցեղասպանության փաստը, այսօր արդեն չի թաքցնում իր նպատակը՝ ոչնչացնել Հայաստանն ու հայությանը»։
Ախալքալաքում, Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։