Ջահերով երթին իմ տեսածը հույս է ներշնչում, որ պայքարը շարունակվում է և հայ ազգը չի հանձնվում. Հայկ Խալաթյան
24 Ապրիլի 2025, 14:17
Հանրապաետության հրապարակ գնալուց մտավախություն ունեի, որ եղանակային պայմանների պատճառով Ջահերով երթին մարդկանց թիվը քիչ կլինի, բայց, հուրախություն ինձ, հրապարակը լեփ-լեցուն էր: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը:
«Ինձ համար ամենակարևորն այն էր, որ շատ էին երիտասարդները, դա հույս է տալիս: Եվ ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելուց առաջ ասացին՝ պայքարը պետք է շարունակվի, այդ երիտասարդները դրա վկայությունն են: Հաճախ, երբ դրսից նայում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մտավախություն է առաջանում, որ հասարակությունը համակերպվել է, պատրաստ է հանձնվել, բայց երթին իմ տեսածը հույս է ներշնչում, որ պայքարը շարունակվում է, ազգը չի հանձնվում և պատրաստ է իր իրավունքների համար պայքարել»,- նշել է Խալաթյանը:
Խոսելով մայիսի 9-ին Ռուսաստանում Մեծ հաղթանակին նվիրված տոնակատարություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին՝ նա նշել է.
«Փաշինյանն անշուշտ կմասնակցի տոնակատարություններին, սակայն իմանալով, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցելու են շքերթին, ես որպես հայ շատ կցանականայի՝ մեր զինվորները ևս այնտեղ լինեին՝ հատկապես հիշելով հայ ազգի մեծ ներդրումը Հայրենական մեծ պատերազմում: Ճիշտ է՝ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց շքերթին, բայց հիմա հասկանալով, որ սա հոբելյանական տարի է, տարբեր երկրներից առաջնորդներ են գալու, նույնիսկ ԵՄ-ի մի քանի երկրների վարչապետեր են այնտեղ լինելու, նա հաստատ կմասնակցի շքերթին»: