Ջահերով երթին պահանջեցինք վրաց հասարակությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բաղդասարյան
Երեկ՝ ապրիլի 23-ին, Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված Ջահերով երթ է անցկացվել: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Ժանետտա Բաղդասարյանի հետ:
«Արդեն 20 տարի է՝ այստեղ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են անցկացվում: Առաջին միջոցառումը եղել է 2005թ-ին՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Իսկ երեկ տեղի ունեցավ նաև ավանդական Ջահերով երթը: Այն սկսվեց Իսանի մետրոյի մոտից և հասավ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ։ Դրանից հետո եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում խաչքարի մոտ:
Երթին վրաց հասարակությունից պահանջեցինք ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կրկին հիշեցրեցինք Բաքվի բանտում անօրինաբար գտնվող մեր գերիների մասին»,- ասել է Բաղդասարյանը:
Խոսելով արդեն այսօր սպասվող միջոցառումների մասին՝ նա նշել է.
«Այս պահին Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում ընթանում է 1915թ-ին անմեղ զոհ դարձածների հոգիների համար բարեխոսության կարգ: Թուրքիայի դեսպանատան առջև սպասվում է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը և հայ մշակույթի ոչնչացմանը, իսկ ավելի ուշ նույն տեղում կիրականացնենք պահանջատիրական ցույց»: