«Ջավախքի գարուն»․ ամենամյա փառատոնին մասնակցել են 29 տարբեր համույթներ և երգիչներ
09 Հուլիսի 2023, 18:57
Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Ջավախքի գարուն» ամենամյա փառատոնը։
Գյուղերի 29 տարբեր համույթների և երգիչների ելույթները գնահատել են ժյուրիի անդամները։
«Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին, հիմնադիրը աշուղ Ալիկ Քսպոյանն է։ Փառատոնի անցկացման ծախսերը կատարվում են տեղական բյուջեից։
Jnews.-ի փոխանցմամբ՝ ելույթ են ունեցել Բեժանո, Կարտիկամ, Խանդո, Օլավերդ, Չունչխա, Կորխ, Վարևան, Կումուրդո, Բուղաշեն, Ազավրեթ և այլ գյուղերի պարային համույթները։
Գնահատվել են ոչ միայն պարողներն ու աշուղական երգերի կատարողները, այնպես էլ ամենալավ պարուսույցները։
Փառատոնին ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։