Ջեյմս Բաղյան. առաջին հայ տիեզերագնացը

27 Հուլիսի 2023, 23:30

Հայեր

Ջեյմս Բաղյանը տիեզերագնաց, ինժեներ, մարզիկ, օդաչու, առաջին հայազգի տիեզերագնաց է, ով թռիչք է կատարել «Դիսքավերի» տիեզերանավով: Հայ ժողովրդի համար դա իսկական իրադարձություն էր։

Բաղյանը ծնվել է 1952 թվականին Ֆիլադելֆիայում։ Ինչպես պատմում էր ինքը՝ Ջեյմսը, նրա պապը՝ Նազարեթ Կունդեբաղյանը, 1913 թվականին Արևմտյան Հայաստանից տեղափոխվել է Ամերիկա։ Հենց այնտեղ էլ նա հանդիպել է իր կնոջը՝ Սաթենիկին, ով ծնունդով Մալաթիայից էր և նույնպես գաղթել էր Ամերիկա։ Ջեյմսի հայրը՝ Ֆիլիպ Բաղյանը, ծառայել է ամերիկյան բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մայրը՝ Ռոզան, ծագումով գերմանուհի էր։

«Ես երկրորդ սերնդի ներկայացուցիչ եմ. հայրս, նրա եղբայրներն ու քույրերը ծնվել են Ամերիկայում։ Ես ինքս կիսով չափ հայ եմ. մայրս գերմանուհի է։ Հայրս ընտանիքում միակն էր, ով ամուսնացավ ոչ իր ազգի աղջկա հետ։ Հորեղբայրներիս ու հորաքույրներիս բոլոր երեխաները զտարյուն հայեր են», — մի անգամ կիսվել է Բաղյանը։

Տիեզերագնացը նաև ասաց, որ կարող է ինքնուրույն պատրաստել ազգային ուտեստներ: «Տոլմա, քյուֆթա և այլ ուտեստներ եմ կարողանում պատրաստել։ Մայրս նույնպես սովորել է դրանք պատրաստել: Տատս միշտ ասում էր իր դուստրերին ու հարսներին՝ տեսնում եք, մեր օտար գերմանուհի հարսը ձեզանից լավ է հայկական ուտեստներ պատրաստում: Երբ փոքր էի, հիշում եմ, հաճախ էինք գնում հայկական կառնավալների, պարում հայկական խմբակային պարեր։ Նույնիսկ մեր ընկերները, որոնք հայ չէին, հաճույքով էին գալիս այդ պարային երեկոներին», — ոգևորությամբ պատմել է Բաղյանը։

Այսօր Ջեյմս Բաղյանը թողել է տիեզերքը, և չնայած տարիքին, իսկ նա արդեն 71 տարեկան է, նա չի թողել ակտիվ կենսակերպը: Ջեյմսը սիրում է ժայռամագլցումը և լեռնագնացությունը, հիանալի թենիս է խաղում, ռակետկա է վարում, զբաղվում է լողով և թռչում սպորտային ինքնաթիռներով: Ջեյմս Բաղյանը մի փոքր տարօրինակ հոբբի ունի. երբեմն նա վերականգնում է հին մեքենաները։