Ջեյմս Վիսկոնտ Բրայս․ պատմաբան, դիվանագետ և հայ ժողովրդի պաշտպան

10 Մայիսի 2025, 22:30

Պատմություն

Ջեյմս Բրայսը բրիտանացի պետական գործիչ, պատմաբան և դիվանագետ է, ով կարևոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների լուսաբանման գործում: Ի պաշտպանություն հայ ժողովրդի, նրա գործունեությունը զգալի հետք է թողել միջազգային քաղաքականության պատմության մեջ։

Բրայսը ծնվել է 1838 թվականի մայիսի 10-ին Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում։  Կրթություն է ստացել Գլազգոյում և Օքսֆորդում, որտեղ իրեն դրսևորել է որպես ականավոր իրավաբան և պատմաբան։  Հետագայում նա դարձել է բրիտանական խորհրդարանի անդամ Լիբերալ կուսակցությունից՝ զբաղեցնելով կարևոր պետական պաշտոններ, ներառյալ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը (1907-1913):

Հայաստանի և Հայկական հարցի ուսումնասիրություններ

Բրայսն առաջին անգամ Հայաստան է այցելել 1876 թվականին, որից հետո հրատարակել է «Անդրկովկասը և Արարատը» (1877) գիրքը, որտեղ նկարագրել է հայ ժողովրդի մշակույթն ու պատմական դժվարությունները: Նա հիմնել է անգլո-հայկական ընկերություն, որը զբաղվում էր Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների պաշտպանությամբ։

1890-ական թվականներին՝ համիդյան ջարդերից հետո, Բրայսն ակտիվորեն հանդես էր գալիս բրիտանական մամուլում՝ մերկացնելով Օսմանյան իշխանությունների վայրագությունը։ Նա առաջին արևմտյան քաղաքական գործիչն էր, ով հրապարակավ դատապարտեց հայերի զանգվածային սպանությունները և միջազգային հանրությանը կոչ արեց քայլեր ձեռնարկել։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրայսը դարձավ Հայոց ցեղասպանության հետաքննության գլխավոր նախաձեռնողներից մեկը։ 1916 թվականին նա պատրաստել է «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում (1915-1916)» փաստաթղթերի ժողովածուն, որը հայտնի է որպես «Կապույտ գիրք»։ Այս աշխատության մեջ հավաքվել են ականատեսների վկայություններ, դիվանագիտական զեկույցներ և փաստաթղթեր, որոնք հաստատում են հայ բնակչության համակարգված ոչնչացումը։

1915 թվականի հոկտեմբերին Լորդերի պալատում իր ելույթում Բրայսը հայտարարել է. «Մայիսից սկսած 800 000 սպանվածների թիվը միանգամայն հավանական թիվ է։ Ամբողջ ազգը կործանվեց: Չեմ կարծում, որ հանցագործությունների պատմության մեջ այսքան սարսափելի և լայնածավալ դեպք է եղել»։ Նա նաև նշել է, որ կոտորածների հրամանները գալիս էին Կոստանդնուպոլսից, իսկ հայերի ոչնչացումը երիտթուրքական կառավարության նախապես ծրագրված քաղաքականությունն էր։

Բրայսը շարունակել է պաշտպանել հայ ժողովրդին մինչև իր կյանքի վերջը։ 1920 թվականին նա դատապարտել է քեմալականների կողմից հայերի հետապնդումները Կիլիկիայում՝ միջազգային հանրությանը միջամտության կոչ անելով։

Ջեյմս Բրայսը մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին Մեծ Բրիտանիայում։  Նրա անունը հավերժ մնաց պատմության մեջ որպես արևմտյան առաջին քաղաքական գործիչ, ով բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և փորձեց համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ ողբերգության վրա:

Հիմա եթերում