Ժան Գառզու․ Ֆրանսիական գեղանկարչության հանճարը
01 Հունվարի 2025, 23:00
Հունվարի 1-ը հայազգի աշխարհահռչակ նկարիչ Ժան Գառզուի (իսկական անունը՝ Գառնիկ Զուլումյան) ծննդյան օրն է։
Գառնիկ Զուլումյանը ծնվել է 1907 թվականին Հալեպում։ Դեռահաս տարիքում տեղափոխվել է Կահիրե, իսկ 1924 թվականին՝ Փարիզ, որտեղ ավարտել է ճարտարապետական դպրոցը՝ միաժամանակ հաճախելով Գրանդ Շոմիեր արվեստի ակադեմիան։
Նա 1938 թվականին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940- թվականին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։
Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։
Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի թանգարաններում, իսկ նկարները պատկերված են ֆրանսիական փոստային նամականիշների վրա։
Գառզուն ստացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի տիտղոս, 1956 թվականին Ֆրանսիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար էլ պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Ժան Գառզուն հայտնի դարձավ որպես նկարիչ, ով նկարազարդում էր Էռնեստ Հեմինգուեյի և Ալբեր Քամյուի գրքերը։ Հանրահայտ նկարչի նկարազարդումներն առանձնանում են իրենց իմաստային հարստությամբ, ծայրահեղ լակոնիկ արտահայտչամիջոցներով և կոմպոզիցիայի ինքնատիպությամբ։
Ֆրանսահայ նկարիչը Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր:
«Էությամբ, աշխարհազգացողությամբ, ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ: …Անանկ տպավորություն ունեմ, կարծես վաղուց եմ այցելած Հայաստան»,- ասել է Գառզուն: