Ժան Տեր-Մերկերյան․ Լեգենդար ֆրանսահայ ջութակահարը

05 Հոկտեմբերի 2024, 23:26

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 5-ը ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի ծննդյան օրն է:

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Անտոնիո Վիվալդիի և Ֆելիքս Մենդելսոնի ջութակի կոնցերտները Անդրե Օդոլիի ղեկավարած նվագախմբի հետ։

1950-ականներին Տեր-Մերկերյանի ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան։ Ժանը սովորել է Երևանի կոնսերվատորիայում հայտնի դասախոս Կարպ Դոմբաևի մոտ, իսկ 1958-1960 թթ-ին Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Դավիթ Օյստրախի մոտ, այնտեղ էլ ավարտել է ասպիրանտուրան:

«Պրահայի գարուն» փառատոնի մրցույթում Տեր-Մերկերյանը նվաճել է երկրորդ մրցանակը, իսկ հինգ տարի անց՝ 1961 թվականին, Փարիզում արժանացել է Լոնգի և Թիբոյի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակին։

60-ականներին երաժիշտը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, ճանաչում է ստացել՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Մերկերյանը դարձել է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր:

Նրա արվեստը բարձր են գնահատել Դավիթ Օյստրախը, Արամ Խաչատրյանը, Հենրիկ Շերինգը, Զինո Ֆրանչեսկատտին և այլոք: Ժան Տեր-Մերկերյանը ծավալել է բուռն համերգային գործունեություն` հանդես գալով ԽՍՀՄ-ում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում:

80-ականների սկզբին Ժան Տեր-Մերկերյանը վերադարձել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։

Ժան Տեր-Մերկերյանը կյանքից հեռացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին: