«Ժառանգության պահպանում». Զատուլինը բացատրել է՝ ինչու են ՌԴ խաղաղապահները մնում Արցախում
20 Փետրվարի 2024, 11:27
Ադրբեջանը պետք է մտածի, որ Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի համար պայմանները հարմար չեն։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան։ Այս մասին НСН-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահների ներկայությունը արցախահայությանը պատմական և մշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք կտա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա կետ, ըստ որի Ռուսաստանը հնարավորություն ունի վերահսկել Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունները: Նա նշել է, որ այդ փաստաթղթի մյուս կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը «պատռել ու դեն են նետել՝ ամբողջությամբ խախտելով իրենց պարտավորությունները»: Փաշինյանը նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը պատասխանատու է Արցախից հայերի ելքի համար:
Զատուլինը կարծում է, որ ռուս խաղաղապահներին չպետք է դուրս բերել Հանրապետությունից։
«Այսօրվա դրությամբ պայմանները հարմար չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց բուն վերադարձը և այն փաստը, որ հարյուրամյակներ շարունակ հայերը ապրել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարող անտեսվել։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը բարի կամք և ցանկություն ունի քաղաքակիրթ երևալու ամբողջ աշխարհի աչքում, նրանք պետք է մտածեն այդ մասին։ Դրա համար միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, որովհետև դա որոշակի երաշխիք է վերադարձողների համար և որոշակի երաշխիք պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար», — ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ արցախահայությունը չի ցանկանում վերադառնալ այնտեղ, քանի որ այնտեղ բնակվելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր: Պատգամավորի խոսքով՝ արցախցիներն անհանգստացած են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո ապագայում ստիպված կլինեն կռվել հայկական բանակի դեմ:
«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալուց հետո այդ տարածքից չեն անհետացել ո՛չ պատմական, ո՛չ կրոնական հուշարձանները, ո՛չ էլ սեփականությունը, որը ստիպված են եղել թողնել բնակիչները։ Որոշակի հույս կա, որ հայ բնակչության մի մասը կարող է վերադառնալ։ Սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանն այս պահին դնում է, շատերի համար անընդունելի են…
Այսօր առկա բարդ հարաբերությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ իրենց վրա Ադրբեջանի քաղաքացիություն տարածելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ արական սեռի բնակչությունը զորակոչվի ադրբեջանական բանակ: Հաշվի առնելով այսօրվա հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային միջադեպերը, նրանք չէին ցանկանա, որ որոշ հայ զինվորներ կրակեին մյուսների վրա», — ամփոփել է НСН-ի զրուցակիցը։