Ժողովուրդը քվեով իր դժգոհությունը արտահայտեց Ֆրանսիայի վարած քաղաքականության նկատմամբ․ Հրաչ Վարժապետյան

01 Հուլիսի 2024, 23:28

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը խոսել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների մասին ու նշել աջ ծայրահեղականների հաղթելու պատճառները։

«Ծայրահեղ աջ կուսակցության առաջխաղացումը Ֆրանսիայի ընտրություններում նոր երևույթ չէ։ Եվրոպական ընտրություններում արդեն հստակ էր առաջադեմ լինելու իրենց դիրքը։ Նույն տրամաբանությունը շարունակվեց նաև Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում։

Պետք է այս ամենի պատճառը փնտրել երեք պայմաններով։ Առաջինը՝ եվրոպական քաղաքականության մեջ Ֆրանսիայի վարած քաղաաքականության նկատմամբ դժգոհությունը հետևյալ տրամաբանությամբ՝ Եվրոպական միության ընդլայնման քաղաքականության դեմ նոր տարրեր ներգրավելը, ֆինանսական քաղաքականությունը, որն, ըստ ծայրահեղ աջի, Ֆրանսիայի տնտեսական անկախ քաղաքականությունը արգելափակում է ու օտարների, գաղթականների ներխուժումը Ֆրանսիա՝ ապօրինի կերպով։

Այս ամենը Եվրոպական ընտրությունների ժամանակ պատճառ դարձավ, որ ծայրահեղ աջը Եվրոպական խորհրդարանում աթոռների մեծամասնությունը գրավի։ Բայց սա նաև պետք է տարածել եվրոպական այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում ու Ավստրիայում էլ առաջատարները ծայրահեղ աջերն են»,- ասել է մեր զրուցակիցը։

Այսպիսով, ըստ նրա, ֆրանսիացիները քվեներով ցույց տվեցին իրենց դժգոհությունը Ֆրանսիայի վարած քաղաքականությանը։

«Մարի Լը Պենի ղեկավարած կուսակցությունը գրավեց առաջին տեղը։ Առաջիկա կիրակի տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ, հավանաբար, ծայրահեղ աջը կկարողանա խորհրդարանում ապահովել բացարձակ մեծամասնություն ու կառավարություն կազմելու իրավունք կունենա։

Երկրորդ տեղում է «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը ձախակողմյան միավորում է։ Ֆրանսիայում այս պահին ժողովրդի մեծամասնությունը ծայրահեղականների քաղաքականության համակիր է՝ ձախ կամ աջ։ Սա նշանակում է՝ Ֆրանսիայում ժողովուրդը քվեով իր դժգոհությունը արտահայտեց Ֆրանսիայի վարած քաղաքականության, հատկապես՝ տնտեսական և արտաքին քաղաքականության նկատմամբ»,- եզրափակել է Հրաչ Վարժապետյանը։

Հիմա եթերում