Ժողովրդավարությունը արևմտյան երկակի ստանդարտներ ունի, դրա համար էլ չի նկատվում բիրտ ուժի կիրառումը. իրավաբան

01 Հուլիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Իրավաբան Վահե Գրիգորյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հաջողված է պարեկային ծառայության ներդրումը.

«Ակնհայտ է, որ դեսպանը ընդամենը փորձում է արդարացնել և իր գովեստի խոսքերով փորձել լեգիտիմացնել այն բոլոր հակաիրավական դրսևորումները, որոնք իրականացվում են իրավապահ համակարգի, այդ թվում՝ պարեկային ծառայության կողմից, քանի որ նրա կողմից հնչեցված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի:

Պարեկային ծառայության տարբեր աշխատակիցների կողմից իրականացվել են բազմաթիվ հանցանքներ՝ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառումից՝ մինչև հատուկ տեխնիկական այնպիսի միջոցների կիրառում, որոնք հանգեցրել են անձանց հաշմանդամության, հետևաբար այդ հանգամանաքը ևս պետք է հստակ ֆիքսվեր դեսպանի կողմից նման արտահայտություն անելուց առաջ: Բայց քանի որ ժողովրդավարությունը արևմտյան երկակի ստանդարտներ ունի, դրա համար էլ այս ամենը չի նկատվել»,- նկատել է Գրիգորյանը:

Իրավաբանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում պարեկային ծառայությունը կայացած չէ:

«Այն հանգամանքը, որ ՀՀ-ում պարեկային ծառայության սպայի կոչման կարող է արժանանալ անձ, որ չունի առնվազն բարձրագույն կրթություն, վառ առհավատչյան է նրա, որ պարեկային ծառայությունը չի կարող լինել առնվազն այս պահին կայացած ծառայություն: Տեղի ունեցող բազմահազար ոչ իրավաչափ վարչական ակտերի կայացումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այն զուտ ռեպրեսիվ համակարգի հերթական գործիքներից մեկն է:

Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ կազմված և հետագայում անվավեր ճանաչված վարչական ակտերի քանակը, ինչպես նաև համացանցում հանրային բաց հասանելիության տեսանյութերը ապացուցում են այն, որ ծառայությունը ոչ միայն կայացած չէ, այլ դեռևս չի էլ սկսել այն գործընթացը, որի պարագայում որևիցե ծառայություն, կլինի դա պարեկային, ոստիկանության, թե այլ պետական մարմնի, միանշանակ պետք է պնդել, որ ծառայությունը որևիցե պարագայում չի կարելի համարել կայացած»,- եզրափակել է Վահե Գրիգորյանը:

Հիմա եթերում