Ջուրը հասել է շենքերի երկրորդ հարկեր. ինչ իրավիճակ է այս պահին Ալավերդիում

26 Մայիսի 2024, 11:16

Քաղաքականություն

Անկյուն 3-ի փոխանցմամբ՝ Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրոդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր՝ Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշները ևս անցել են ջրի տակ:

Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը:

Ըստ տեղեկությունների գետի ջրերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ:

Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ և մեքենաներ կան: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել:
Խոսվում է անհետացած մարդկանց մասին։

Տեսանյութը՝ սոցցանցերից