Կա հնարավորություն ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու․ Սրբուհի Գալյան

24 Հուլիսի 2025, 14:41

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ կա հնարավորություն միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանի որոշմանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վերաբերյալ։

«ՀԷՑ-ի հետ կապված իրավական վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում։ Որոշման մեջ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա կատարման հնարավորությունը, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածել։

Այդ ընթացակարգն առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակում։ Պարզ լեզվով կասեմ հետևյալը՝ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի՝ դիմելու Հայաստանի ներպետական դատարանին, որպեսզի դատարանը նախ ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։ Եվ, իհարկե, ներպետական օրենսդրությամբ, նաև միջազգային կոնվենցիայով, կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»,- ասել է Գալյանը։

Նախարարը նշել է, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։

«Ընդամենը նպատակ է եղել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։ Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ։ Երբ միջազգային արբիտրաժային դատարանն իքս օր հետո քննության կառնի արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակները»,- պարզաբանել է արդարադատության նախարարը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի հետ կապված ռիսկերը, որոնք քննարկվել են կառավարությունում, որակվել են որպես շատ բարձր, հետևաբար այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել ՀԷՑ-ն ազգայնացնելու որոշման կայացումը։

Ինչ վերաբերում է միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը, ապա ՀՀ կառավարությունն, ըստ նախարարի, համբերատար կսպասի վեճի քննությանը, կներկայացնի իր փաստարկները և կտեսնի, թե միջազգային արբիտրը ինչ արձագանք կտա, երբ արդեն կանդրադառնա վեճի բովանդակությանը։

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, այսինքն՝ ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ այն դեպքում, երբ միացել է որոշակի կոնկրետ կոնվենցիաների։ Ընդ որում՝ կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԵՑ-ի ազգայնացման հետ կապված որոշումը կայացվեց հիմա՝ Գալյանն ընդգծել է, որ սույն կազմակերպությունը վերջին տարիներին պարբերաբար ենթարկվել է տույժերի և տուգանքների։

«Նախորդ տարվանից այս հարցի հետ կապված քննարկումները սկսել են կրել առավել հաճախակի բնույթ։ Ազգային ժողովում տեղի են ունեցել լսումներ, և ամենաշատը հնչած հարցադրումն այն էր, թե ինչու հիմա և ինչու «քաղաքական հայտարարություններից» հետո կայացվեց այդ որոշումը։ Ո՛չ, այդպես չի եղել»,- նշել է արդարադատության նախարարը։