Կալիֆորնիայի Սենատը միաձայն կոչ է անում պաշտպանել Արցախը
13 Հուլիսի 2023, 10:25
Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախումբը ողջունել է Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից մի բանաձևի ընդունումը, որը կոչ է անում պաշտպանել և անվտանգություն ապահովել Արցախի հայ բնակչության համար, քանի որ նրանք բախվում են անողոք հարձակումների՝ Ադրբեջանի էթնիկ զտումների ցեղասպանական արշավում:
Բանաձևը ներկայացրել է ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենը։ Այն երկուշաբթի Սենատում ընդունվել է 39 կողմ և 0 դեմ ձայներով: Սենատի ընդունումը հաջորդում է մարտի 30-ին Նահանգային ժողովում բանաձևի ընդունմանը և դառնում է Կալիֆորնիա նահանգի միասնական դիրքորոշումը։
Բանաձևը կոչ է անում ԱՄՆ Դաշնային կառավարությանը օգտագործել բոլոր գործիքները՝ Ադրբեջանին ստիպելու դադարեցնել շրջափակումը, նաև դադարեցնել ռազմական օգնությունն այդ երկրին, մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին, ստեղծել միջազգային խաղաղապահ առաքելություն՝ ապահովելու Արցախի անվտանգությունն ու աջակցել ինքնորոշմանը։